Ռուսաստանն ու Տաջիկստանը լուծեցին ռուսական ռազմաբազայի խնդիրը

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի ու Տաջիկստանի նախագահները բանակցությունների արդյունքում Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը 30 տարով երկարաձգելու համաձայնագիր են կնքել:

Վլադիմիր Պուտին, Էմոմալի Ռահմոն

ՌԴ և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտին, Էմոմալի Ռահմոն

1993թ. մայիսի 25-ին կնքված նախկին պայմանագրի ժամկետը սպառվում է 2014 թվականին: Նոր պայմանագրի ժամկետը մինչև 2042 թվականն է և այն կարող է երկարացվել ևս 5 տարով:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ ռազմաբազայի տեղակայման պայմանները ՌԴ համար շատ նպաստավոր են. ռուսական կողմը բազայի համար գրեթե չի վճարելու, թեպետ ավելի վաղ մամուլը տեղեկացրել էր, որ Տաջիսկստանն իր տարածքում տեղակայված ռուսական 201-րդ ռազմաբազայի համար Ռուսաստանից 250 մլն դոլար է պահանջում:

Նշենք, որ մինչ այժմ էլ ռուսական կողմը Տաջիկստանում տեղեկայված ռազմաբազան օգտագործում էր գրեթե անվճար փոխարենը Տաջիկստանին որոշակի ռազմական օգնություն ցուցաբերելով:

Ռազմաբազայի մասին համաձայնագրից բացի երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են բազայի կարգավիճակի և տեղակայման պայմանների վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև հուշագիր ռազմական համագործակցության, այդ թվում՝ զինվորական կադրերի պատրաստման մասին:

Ռազմաբազայի կարգավիճակի և տեղակայման պայմանների վերաբերյալ համաձայնագիրով կկարգավորվեն բազայի անձնակազմի կարգավիճակին, բազայի գործունեության կարգին, գույքի օգտագործմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության ապահովման նպատակով Տաջիկստանի ԶՈՒ հետ ռուսական զորամիավորումների փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Ըստ Ուշակովի՝ ռազմաբազայի անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամները կունենան դիվանագիտական ներկայացչությունների վարչա-տեխնիկական անձնակազմի համապատասխանող կարգավիճակ, այն է՝ կունենան անձեռնմխելիություն խուզարկումից, ունեցվածքի բռնագրավումից։

One response to “Ռուսաստանն ու Տաջիկստանը լուծեցին ռուսական ռազմաբազայի խնդիրը

  1. Pingback: Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմակայանում զինծառայողների պլանային հերթափոխ է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *