Ռազմական շաբաթի ամփոփում. Հայաստան, սեպտեմբերի 30 – հոկտեմբերի 6

Անցնող շաբաթը կարելի է ասել «ռազմակրթական էր»՝ զորավարժություններ էին անցկացնում ՀՀ ՊՆ-ն, Արցախի ՊԲ-ն, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը։ Բացի այդ Ազգային Ժողովում վավերացվեց ՀԱՊԿ պետությունների տարածքում ռազմական օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը, ինչպես նաև պաշտոնապես մեկնարկեց աշնանային զորակոչը։ Ցավոք, շաբաթվա ընթացքում հայտնի դարձավ զինված ուժերում մարդկային կորուստների մասին։ Այդ և շաբաթվա այլ իրադարձությունների մասին ավելի մանրամասն՝ ստորև։

  1. Հրամանատարաշտաբային զորավարժություններ ՀՀ տարածքում
  2. Զորավարժություններ Արցախի Հանրապետությունում.
  3. Զորավարժություններ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայում
  4. ԱՄՆ ռազմական փորձագետների այցը Հայաստան
  5. ԱԺ-ն վավերացրեց ՀԱՊԿ պետությունների տարածքում ռազմական օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությունը
  6. ՀՀ նախագահի հրամանագիրը 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
  7. Ոչ մարտական կորուստներ ՀՀ ԶՈՒ-ում:
  8. Կայացվեց Վարդան Սամվելյանի դատավճիռը:

1. Հոկտեմբերի 1-ին ՀՀ տարածքում մեկնարկեցին մեկամսյա հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց նպատակն է գործնականում ստուգել ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանները, մարզել ներգրավված ուժերը, աշխատել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ, ինչպես նաև գործնական փորձ հաղորդել ՀՀ ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին։ Հոկտեմբերի 4-ին ՊՆ-ն տեղեկացրեց նաև, որ ուսումնական կենտրոններում և նախորոշման շրջաններում բացազատվել են հրամանատարական կետեր, պահեստազորայինների ներգրավմամբ իրականացվել ստորաբաժանումների զորահամալրման և մարտական համագործակցության աշխատանքներ, զորահամալրվող ստորաբաժանումների անձնակազմերի հետ կազմակերպվել են մարտական պատրաստության, ինչպես նաև շտաբների ներդաշնակման պարապմունքներ:

2. ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 22-ից 30-ը պահեստազորի ներգրավմամբ հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ են անցկացվել նաև Արցախում: Հաղորդագրության համաձայն՝ զորավարժության ընթացքին հետևել են ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը և Արցախի պաշտնախ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի՝ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է զորավարժությունների անցկացման վայր և տեղում ծանոթացել վարժանքների ընթացքին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե´ ՀՀ տարածքում, թե´ Արցախում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները կարծես թե ուղղված են նույն խնդիրների լուծմանն (օր.՝ պահեստազորայինների հետ աշխատանք, զորահավաքային մեխանիզմների կատարելագործում), կարելի է եզրակացնել, որ այս երկու զորավարժությունները փոխկապակցված են:

3. Հոկտեմբերի 3-ին շուրջ 600 զինծառայողի և 100 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավմամբ սկսվեցին նաև Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների երկկողմ մարտավարական զորավարժությունները, որոնց նպատակը հակառակորդի ավիացիայի գրոհի, զանգվածային ոչնչացման զենքի կիրառման, դիվերսիոն խմբերի հարձակումների ժամանակ համապատասխան մարտավարության մշակումն է: Վարժանքների ընթացքում պիտի ստուգվեին նաև զինծառայողների ունակությունները դիրքավորման, զբաղեցրած դիրքերի ինժեներական սարքավորման և քողարկման, ականադաշտերի ստեղծման և հաղթահարման խնդիրները կատարելիս։

4. Ռազմակրթական ոլորտի շաբաթվա իրադարձություններից էր նաև սեպտեմբերի 26–30-ը ԱՄՆ ցամաքային զորքերի «Ֆորտ Լիվենվորֆ» հրամանատարաշտաբային քոլեջի փորձագետների այցը Հայաստան: ՀՀ ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման աշխատանքային խմբի հետ փորձագետները քննարկել են ռազմական կրթության բնագավառում բարեփոխումների իրականացման հարցեր: Նշենք, որ 2012 թվականի մարտի 7-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է ռազմական կրթության հայեցակարգը և սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը: Հայեցակարգը երաշխավորում է յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ բուհերի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում:

5. Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն վավերացվեց 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված՝ «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը, որով հստակեցվում է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների ռազմական օբյեկտների տեղակայման մասին որոշումների ընդունման մեխանիզմը: Կողմ են քվեարկել 70 պատգամավոր, դեմ են եղել 4 և ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Դեմ են քվեարկել Արծվիկ Մինասյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ պատգամավորները քվեարկությանն ընդհանրապես չեն մասնակցել։ Մոտ ժամանակներս Ռազմինֆոն ավելի մանրամասն կանդրադառնա արձանագրության բովանդակությանը։

6. Հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց 2012 թվականի աշնանային զորակոչի անցկացման և զորացրման կատարման մասին: ՀՀ կառավարությանը հանձնարարվեց հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

7. Նախորդ շաբաթվա ընթացքում հայկական զինված ուժերը երեք ոչ մարտական կորուստ ունեցան։ Ա. Սեպտեմբերի 30-ին ՊԲ-ից հաղորդեցին, որ զորավարժության ժամանակ՝ մարտական հրաձգության ընթացքում դժբախտ պատահարի հետեվանքով զոհվել է 1985թ. ծնված նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը: Բ. Հոկտեմբերի 1-ին առավոտյան ծառայակիցները գտել են ժամկետային զինծառայող Մնացական Մնացականյանին կախված։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել): Գ. Հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում ճանապարհային վեճի պատճառով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հարություն Հովակիմյանը դանակահարել է բեռնատարի ուղևորներ՝ տեխնիկական սպասարկման զորամասի կապիտան Աշոտ Բաղդասարյանին և լեյտենանտ Էդգար Պողոսյանին, ինչի հետևանքով Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ Պողոսյանի վիճակը ծանր է:

8. Հոկտեմբերի 4-ին կայացվեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատավճիռը: Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունից հետո, հուլիսի 1-ին ռազմամթերքով «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործած և այն պայթեցնելու սպառնալիքներ հնչեցրած փոխգնդապետը դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման և 200 հազար դրամի տուգանքի: Ազատազրկման ժամկետը հաշվվում է հուլիսի 1-ից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *