ՌՈ. զինված ուժերում նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների ամփոփումը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների ամփոփումը

Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ՊՆ ռազմական ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՌՈ պետի տեղակալներ, գնդապետներ Արամ Բաղդասարյանը և Ստանիսլավ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Աշխատանքները նպատակաուղղված են եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանը, կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների վրա բացասաբար ազդող հանգամանքների ու պատճառների վերհանմանը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման գերակա ուղղությունները: Դրանք են՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանումը, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցման կանխումը, հանցագործությունների դեմ պայքարը, կանխարգելիչ ու դաստիարակչական նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ռազմական ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները՝ մատնանշել է դրական ձեռքբերումներն ու առկա թերությունների վերացման ուղիները:

Սամվել Ղուկասյանը շեշտել է, որ լուրջ աշխատանքներ են տարվել զորակոչի թափանցիկության ապահովման ուղղությամբ:

Ռազմավարական մարտավարության, օպերատիվ միջոցառումների և ռազմական ոստիկանության գործունեության ոլորտում առաջավոր երկրների փորձի ներդրման շնորհիվ նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները, կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերը, ամրապնդվել է բարեվարքության կանոնները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ շարունակական աշխատանքը, քանի որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հրամանատարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում զինծառայողների համար ստեղծվի ծառայողական առողջ մթնոլորտ:

ՌՈ հետագա գործունեությունն ու հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և իրականացման, կառույցի օպտիմալացման նպատակով Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

One response to “ՌՈ. զինված ուժերում նվազել են ծանր հանցագործություններն ու խախտումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *