Թշնամին կրակել է Արցախի և Տավուշի ուղղությամբ • Հայկական զինուժն ունի 1 զոհ, 1 վիրավոր • ՊԲ-ում անցկացվել են զորավարժություններ • ՌԴ պատվիրակների հետ քննարկվել են հայ-ռուսական զորախմբի և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր • Հաստատվել է ArmHiTec ցուցահանդեսի հայեցակարգը • ՀՀ նախագահին կզեկուցեն ՀԱՊԿ միջոցառումների մասին • ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա • ՀՀ ԶՈւ զինծառայողները մեկնել են «Միջազգային բանակային խաղերին» մասնակցելու • Կիսամյակային ամփոփումներ են եղել ՀՀ ԶՈւ միավորումներում • 3-րդ կորպուսի հրամկազմին է ներկայացվել նոր հրամանատարը • ՌՈւՀ-երի շրջանավարտներն ընտրել են զորամասերը • ՀՀ ԶՈւ նորակոչիկները հոգեբանական հարցաշար կլրացնեն • ԱՄՆ Սենատի պատվիրակությունը եղել է 3-րդ կորպուսում • ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Մարտակերտում • Հավաք են անցկացրել ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության պետերը • Պարգևատրվել են Գերմանիայում զորավարժության մասնակցած բուժծառայողները • ՌԴ ԶՈւ ՀՌՇ վարժանքին մասնակցում է նաև 102-րդ ռազմաբազան • Վարժանքներ են անցկացրել 102-րդ բազայի սակրավորներն ու հրշեջները • «Ալագյազում» տանկերի ստորջրյա մարզումների համար լողավազան է կառուցվում
• Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժն Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զենքերով արձակել է մոտ 2000 կրակոց։ Հուլիսի 21-ի երեկոյան Ադրբեջանի զինուժը կրակել է նաև Տավուշի Մովսես գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժողներ չեն եղել։
Հուլիսի 23-ի գիշերը ՊԲ հարավարևելյան ուղղության դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Մհեր Վանիկի Զիլոյանը: Նույն օրը առավոտյան նույն ուղղության դիրքերից մեկում թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը:
• Հուլիսի 18-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է բազմաստիճան շտաբային զորավարժություն, որին մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը։
Նույն զորավարժության շրջանակում հուլիսի 21-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ժամանակ խաղարկվել են ապրիլյան պատերազմի դրվագներ։
• ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով հուլիսի 19-22-ին Հայաստանում է եղել Ռուսաստանի ԶՈւ պատվիրակությունը։
• Հուլիսի 20-22-ին Հայաստանում է եղել նաև Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պատվիրակությունը, որի մասնակցությամբ ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր:
• Շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսի հայեցակարգը և ցուցադրվելիք տեխնիկայի բաժինները։
• ՀՀ նախագահի՝ հուլիսի 18-ին հրապարակված կարգադրության համաձայն՝ Հայաստանում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի նախագահին կներկայացնի ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների մասին։
• Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո ՀՀ ՊՆ խաղաղապահները կտեղափոխվեն Աֆղանստան՝ խաղաղարար առաքելության։
• Հուլիսի 21-ին էլ ՀՀ ԶՈւ մեկ այլ զորախումբ մեկնել է Մոսկվա՝ «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին մասնակցելու։
• Շաբաթվա ընթացքում կիսամյակային ամփոփիչ քննարկումներ են անցկացվել Պաշտպանության բանակում, ՀՀ ԶՈւ 1-ին և 3-րդ բանակային կորպուսներում, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում։
• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը:
• Հուլիսի 20-ին և 22-ին Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց ծառայության զորամասերը:
• ՀՀ ԶՈւ նորակոչիկները հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում կլրացնեն «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշար, որի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնալու, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն և պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն:
• ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ:
• Հուլիսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ։ Կրակոցներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
• Շաբաթվա ընթացքում Հայաստանի ԶՈւ զորամասերի ֆիզպատրաստության պետերի մասնակցությամբ Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է 5-օրյա ուսումնական հավաք, որի ժամանակ ստուգվել է զինվորականների պատրաստության մակարդակը:
• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։
• Հուլիսի 21-ին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի միավորումները և զորամասերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանների, ինչի նպատակն է ստուգել զորքերի պատրաստության աստիճանը: Մեկշաբաթյա վարժանքին մասնակցում է նաև ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան:
• Շաբաթվա ընթացքում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Հայաստանում անցկացրել են ականներ հայտնաբերելու հրահանգչամեթոդական վարժանքներ, ինչպես նաև հրշեջ-մարտավարական զորավարժություն:
• ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի տանկերի ստորջրյա մարզումների համար Հայաստանի «Ալագյազ» զորավաժարանում սկսվել են հատուկ լողավազանի շինարարական աշխատանքներ:
Տարածաշրջանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info