Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2016 զորավարժությունը

Հուլիսի 18-ին Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության և ուկրաինական նավատորմերի Sea Breeze-2016 համատեղ միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ՊՆ կայքը:

Sea Breeze-2014 զորավարժություն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

Sea Breeze-2014 զորավարժություն
Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից (արխիվ)

Զորավարժությանը ներգրավված է 16 երկրից շուրջ 4000 զինծառայող, 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 140 միավոր բեռնատար և զրահապատ մեքենաներ, ինչպես նաև Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ռումինիաից ավելի քան 25 նավեր, նավակներ և օժանդակ նավեր:

Զորավարժության նպատակն է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավատորմերի միջև համագործակցության հաստատումը:

Վարժանքներին մասնակցող երկրների թվում են՝ Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Լիտվան, Մոլդովան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան և Ֆինլանդիան:

Զորավարժության սցենարով մասնակից ստորաբաժանումները օդային և ծովային ուղիներով տեղակայվելու են Ուկրաինայի Օդեսայի շրջանում: Հակաօդային պաշտպանության պայմանական գործողություններին ներգրավվելու է հրետանին:

Ուկրաինայից զորավարժությանը կմասնակցեն «Գեթման Սագայդաչնիյ» ֆրեգատը և  «Կորեց» քարշակ-նավը:

Այս զորավարժությունն ամենամյա է, նախորդն անցկացվել է 2015 թվականի օգոստոս-սեպտեմբերին, Սև ծովում ուկրաինական նավատորմի հետ համատեղ: Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Մոլդովան, Նորվեգիան, Ռումինիան և Շվեդիան:

Նշենք, որ մինչև 2011 թ. զորավարժությնաը մասնակցում էր նաև Ռուսաստանը: Վերջինս այդ թվականից հրաժարվեց մասնակցել վարժանքներին:

«Համագործակցություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում իրականացվող Sea Breeze զորավարժությունները անցկացվում են 1997-ից Ուկրաինայի տարածքում՝ 1993-ին Ուկրաինայի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված «Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության և փոխըմբռնման հուշագրի» համապատասխան:

Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան

One response to “Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2016 զորավարժությունը

  1. Pingback: Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *