Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, բանակի ներխուժումը Սիրիա և Իրաք, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քրդերի նկատմամբ բռնաճնշումները և համատեղ զորավարժությունները:

Թուրքական բանակի՝ հեղաշրջման փորձին մասնակից զինտեխնիկան Անկարայի փողոցներում • Էրդողանի համակիրները ծեծում են հանձնված խռովարարներին • Դիարբեքիրի կենտրոնը թուրք-քրդական բախումների արդյունքում • Թուրքական բանակի տանկը ԻՊ զինյալների ձեռքում՝ որպես ռազմավար
Ռազմական հեղաշրջման փորձը
2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում իրականացվում է ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը, Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Երկրի նախագահ Էրդողանը ստիված էր որոշ ժամանակ թաքնվել:
Մի քանի ժամում Էրդողանի կողմնակիցները ճնշում են հեղափոխության փորձը, ինչից հետո սկսվում են ձերբակալություններն ու հաշվեհարդարները: Հուլիսի 20-ին Թուրքիայում մտցվում է «արտակարգ դրություն», որը կտևի առնվազն մինչև 2017-ի հունվար: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը (Գյուլենը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում):
- Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ
- Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին
- Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից
Հեղաշրջման փորձից հետո ԶՈւ ԳՇ-ում իշխանության կենտրոնացումը բացառելու համար երկրի ժանդարմերիան և առափնյա անվտանգությունը դրվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո, իսկ ցամաքային, ռազմօդային և ռազմածովային ուժերը ԶՈւ ԳՇ-ից տեղափոխվել են ՊՆ ենթակայության տակ: Բացի դրանից, օգոստոսից սկսվում է խոշոր քաղաքներից զորամասերի դուրսբերումը:
Հետագա ամիսներին Թուրքիայի զինված ուժերից հեռացվում է մոտ 150 գեներալ և ընդհանուր 20000 զինծառայող, որից 16 հազարը՝ ռազմական դպրոցների կուրսանտներ: Հեռացվածների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր: Իսկ հեռացված օդաչուների փոխարեն ՌՕՈւ շարքերը հետ են ընդունում այն օդաչուներին, որոնք նախկինում հեռացվել են, կամ դադարեցվել է նրանց հետ պայմանագիրը: Եվս 10-ական հազար հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողի ընդունելության մասին են հայտարարում երկրի ոստիկանությունը և ժանդարմերիան:
«Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում
Օգոստոսի 24-ին Թուրքիայի բանակը ներխուժում է Սիրիայի տարածք և սկսում է ռազմական գործողություններ են իրականացնել: Ի սկզբանե որպես «Եփրատի վահան» գործողության նպատակ էր հայտարարվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահը կրկին հայտարարում է Սիրիայի տարածքում «անվտանգութան գոտի» ստեղծելու մտադրության մասին և նշում, որ թույլ չեն տա, որ Սիրիայում քրդական երկու խոշոր միավորումների միջև միջանցք ստեղծվի:
Սեպտեմբերի սկզբին թուրքական բանակի և նրա աջակից զինյալների վերահսկողության տակ են անցնում Ջերաբլուսը և Աֆրինը: Այնուհետ Թուրքիայի զինուժը շարժվում է դեպի Ալ-Բաբ, որը Հալեպի հյուսիսում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է: Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Ալ-Բաբից հետո Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և Ռաքքայի ուղղությամբ:
Գործողությունների ընթացքում Թուրքիայի բանակը կորցնում է 30-ից ավելի զինծառայող, մի քանի միավոր «Լեոպարդ-2» տանկ, այլ զինտեխնիկա (որոշ տվյալներով՝ մինչև 10 միավոր):
Որպես մարտավարական նպատակ՝ Թուրքիայի հիմնական խնդիրը Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելն է ու Սիրիայի տարածքում քրդական ինքնավար շրջանների միավորումը բացառելը: Իսկ ռազմավարական տեսանկյունից ֆիզիկական-ռազմական ներկայությունը Թուրքիայի ձեռքում լուրջ խաղաթուղթ է սիրիական ճգնաժամի հետ կապված հետագա բանակցային սեղանի շուրջ և Սիրիայի հետագա կոնֆիգուրացիայի քննարկումներում:
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը
2015-ի նոյեմբերին թուրքական կործանիչի կողմից Սիրիայում իր օդուժի ինքնաթիռի խոցումից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի հանդեպ: 2016-ի փետրվարին հայտարարվում է, որ Ռուսաստանը կասեցրել է ռազմական արտադրանքների մատակարարման բոլոր պայմանագրերը Թուրքիայի հետ:
Սակայն 2016-ի հունիսին Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստտնի նախագահին ուղարկած նամակից հետո երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար սկսում են վերականգնվել: Արդեն օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում էն նախագահներ Էրդողանը և Պուտինը՝ քննարկելու տնտեսական հարաբերությունները:
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին Թուրքիայի զինուժը օգոստոսի 24-ին ներխուժում է Սիրիայի տարածք՝ հայտարարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Սիրիայում Թուրքիայի զինուժին աջակցում են Սիրիայի թուրքմենները: Սիրիայի ԱԳՆ-ն քննադատում է այս քայլը՝ նշելով որ դա Սիրիայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է: Սակայն Սիրիայի դաշնակից Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ առավել զուսպ է լինում։
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Պուտինի և Էրդողանի ներկայությամբ ստորագրվում են «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատամոյականի կառուցման շարունակման վերաբերյալ փաստաթղթերը: Նույն օրը Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ համագործակցել նաև ռազմատեխնիակական ոլորտում:
Թուրք-քրդական բախումներ, HDP-ի ձերբակալություններ
2015-ի հունիսին սկսված թուրք-քրդական բախումները ձմեռային որոշ դադարից հետո 2016-ին սրվում են փետրվար-մարտ ամիսներին, երբ թուրքական զինուժը փաստացի գրավում է երկրի Դիարբեքիր նահանգի որոշ բնակավայրեր, ինչից հետո բախումները կրկին պասիվանում են: (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):
Թուրքիայի իշխանությունները 2016-ին ավելացնում են հետապնդումներն ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նկատմամբ: Նոյեմբերի 3-ին ձերբակալվում են HDP համանախագահներն ու կուսակցության մի քանի այլ պատգամավորներ: Ընդհանուր առմամբ ձերբակալվում են կուսակցության 12 պատգամավոր և մոտ 120 այլ անդամներ:
Սրանով սկսվում է թուրք-քրդական բախումների նոր ալիք: Դեկտեմբերի 10-ին Ստամբուլում և դեկտեմբերի 17-ին Կայսերիում պայթյունների պատճառով սպանվում է համապատասխանաբար 33 ոստիկան և 13 զինծառայող (ևս 55 վիրավոր): Հենց նույն օրը Կայսերի նահանգում ազգայնամոլները հարձակվում են այդ նահանգում HDP-ի գրասենյակի վրա, կրակի մատնում այն և կախում ազգայնամոլական շարժման դրոշը։
Հարձակումներ են լինում նաև Թուրքիայի մի քանի այլ նահանգներում և քաղաքներում, այդ թվում՝ նաև Ստամբուլում և Անկարայում, քրդամետ կուսակցության գրասենյակների վրա (1,2):
Թուրքիայի զինուժը Իրաքում
Դեռևս 2015-ի դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց գումարտակ էր մտցրել Իրաքի հյուսիս՝ Բեշիքա բնակավայր, առանց Բաղդադի կարծիքը հարցնելու: Իրաքի իշխանությունները բազմիցս պահանջում են Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը: 2016-ի նոյեմբերի 1-ին Իրաքի վարչապետը հայտարարում է, որ Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, բայց եթե առճակատում լինի, Իրաքը պատրաստ է դրան: Բայց Թուրքիայի զինուժը շարունակում է մնալ Իրաքում: Իսկ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները այլևս չեն բարձրացնում այս հարցը:
Դրանից բացի, հոկտեմբերի 17-ին Իրաքում Մոսուլի ազատագրման գործողության մեկնակից հետո Թուրքիան մի քանի անգամ հայտարարում է, որ իր բանակը նույնպես մասնակցում է գործողությանը՝ հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ Իրաքյան Քրդստանի խնդրանքով Բեշիքայի թուրքական զորախումբն իր զինտեխնիկայով աջակցում է Բեշիքան ԻՊ զինյալներից մաքրելու գործողությանը։ Թուրքիայի վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի օդուժը կմասնակցի նաև բուն Մոսուլի ազատագրմանը, և այդ հարցը արդեն համաձայնեցվել է կողմերի հետ։ Սակայն հաջորդ օրը Իրաքի բանակի հրամանատարությունը հերքում է Թուրքիայի զինուժի որևէ տեսակի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը։
Եվս 24 միավոր F-35 կործանիչի պատվեր
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ հոկտեմբերի 28-ի նիստում որոշվում է պատվիրել F-35A կործանիչ-ռմբակոծիչների երկրորդ խմբաքանակը՝ 24 միավոր: Մինչ այդ Թուրքիան պատվիրել էր 6 միավոր, որից 2 ինքնաթիռը նախատեսում է ստանալ 2018-ին:
Դեռևս 2014-ի մայիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր այս ինքնաթիռներից ընդհանուր 100 միավոր գնելու մտադրության մասին։
Զորավարժությունները
Մարտի 7-25-ը Թուրքիայի կենտրոնական Քոնյա նահանգում Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը անցկացնում են համատեղ TURAZ Şahini 2016 զորավարժությունը (1, 2), որի ընթացքում շարքից հանում են պայմանական հակառակորդի ռազմական օդանավակայանը:
Մայիսի 4-ից հունիսի 4-ը Թուրքիայում անցակցվում է Efes–2016 մեկամսյա զորավարժությունը, որին մասնակցում է 7,5 հազար զինծառայողի 9 երկրներից (30 հոգի Ադրբեջանից): Վարժանքներն անցկացվում են Իզմիրի ծովածոցում (Թուրքիայի արևմուտք), ինչպես նաև Անկարայի նահանգում:
Հուլիսի 18-30-ը Թուրքիան մասնակցում է ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարության և ուկրաինական նավատորմերի՝ Սև ծովում անցկացված Sea Breeze-2016 համատեղ միջազգային զորավարժությանը: Զորավարժությանը մասնակցում է 16 երկրի շուրջ 4000 զինծառայող:
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Արաբական ծովի հյուսիսային հատվածում: Զորավարժությունը անցկացվում է Թուրքիայի ՌԾՈւ ռազմանավի՝ Պակիստան այցի շրջանակներում:
Նոյեմբերի 19-24-ը ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ անցկացնում են Mavi Balina–2016 զորավարժությունը: Թեև վարժանքն անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ջրային տարածքի հարևանությամբ, սակայն հունական բանակը չի մասնակցում դրան: Հաջորդ օրերին՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ Իզմիրի ծովածոցում (Էգեյան ծով) անցկացնում է Nusret-2016 զորավարժությունը, որին Հունաստանը մասնակցում է: