Քաղաքապետարանը բնակարան է տրամադրել ապրիլին զոհված ևս մեկ երևանցի զինծառայողի ընտանիքի

Այսօր՝ հունիսի 24-ին, Երևանի ավագանու որոշմամբ քաղաքի սեփականություն հանդիսացող ևս մեկ բնակարան հատկացվել է Արցախում Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված երևանից ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի կայքը:

Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60,63 քմ մակերեսով բնակարանը հատկացվել է զոհված զինծառայողի մորը և եղբորը:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, քաղաքապետարանը ևս 3 բնակարան հատկացրել էր Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված կամավորական Սարգիս Խալաֆյանի, պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի և ժամկետային զինծառայող Մանվել Գևորգյանի ընտանիքներին, որոնք ունեին սեփական բնակարանի կարիք:

Երևանի ավագանու այս մտադրության մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին, երբ քաղաքապետարանը ՀՀ ՊՆ-ից ճշտում էր զինծառայողների տվյալները: Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հայտարարել էր, որ երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն:

Բացի այդ, քաղաքապետարանը ճշտում էր նաև երևանաբնակ զոհված զինծառայողների գնացած դպրոցները, որպեսզի այդ դպրոցներում ստեղծվեն զինծառայողներին նվիրված հուշանկյուններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *