Ստոլտենբերգ. «Մեծ Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ և պատասխանատու դաշնակիցներից»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունիսի 24-ին արձագանքել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու որոշմանը: Նա նշել է, որ «Բրիտանիան շարունակելու է մնալ ՆԱՏՕ-ի ուժեղ, պատասխանատու դաշնակիցներից և շարունակելու է առաջատար դեր ունենալ Դաշինքում»: Ստոլտենբերգի խոսքերը փոխանցում է Դաշինքի պաշտոնական կայքը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը

Նշենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե էր անցկացվել, որի ժամանակ բնակչությունը պիտի քվեարկեր, ուզում է, որ իրենց երկիրը դուրս գա ԵՄ-ից, թե մնա այդ կազմակերպության կազմում: Բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

«Բրիտանացի ժողովուրդը որոշել է լքել Եվրոպական Միությունը: [Անկախ նրանից] Թե ինչպես այն կորոշի ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ գլուխը, գիտեմ, որ ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ կլինի», — նշվում է Ստոլտենբերգի հայտարարությունում:

Ստոլտենբերգը նշել է նաև, որ ներկա անկայուն և անկանխատեսելի իրավիճակում «ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ կարևոր հարթակն եվրոպական դաշնակիցների, ինչպես նաև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև»:

«Ուժեղ ու վճռական ՆԱՏՕ-ն անհանգիստ աշխարհում հավասարակշռության համար կարևորագույն աջակցություն է, ինչպես նաև միջազգային անվտանգության և խաղաղության աջակիցներից մեկը: Հուլիսին Վարշավայի գագաթաժողովում մենք կուժեղացնենք մեր համագործակցությունը, քանի որ միասին մեր ընդհանուր արժեքները և մեր ազգերի անվտանգությունն ապահովելու հարցում ավելի արդյունավետ ենք»,— եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին բրիտանական Financial Times պարբերականի հետ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը վերջին տարիների համեմատ 2016 թվականին մեծապես կավելանան «Ռուսաստանի ագրեսիայի» և Եվրոպային վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով: Սակայն նա հավելել էր, որ այդ կայունությունը վտանգված է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիան ցանկանում է դուրս գալ Եվրամիության կազմից:

«Այդ երկրի պաշտպանական ծախսերն ամենամեծն են Եվրոպայում, Դաշինքում ծախսերի չափերով զիջում են միայն ԱՄՆ-ին: Ուժեղ Եվրոպայում ուժեղ Մեծ Բրիտանիան կարևոր է միասնականության և կայունության համար»,— հայտնել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգը վստահեցրել էր նաև, որ Մեծ Բրիտանիան «բանալի է» ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *