Քննարկվել է հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի նախապատրաստումը

Հունիսի 13-15-ը Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչները Հայաստանում անցկացված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Կայացել է Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը

Կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ռազմական արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման և այլ ոլորտներում, մանրամասները՝ ստորև:

ՊՆ ներկայացուցիչների քննարկման օրակարգային հարցերից են եղել ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը: Դիտարկվել է նաև Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:

Չեխիայի ՊՆ ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելուն ՀՀ կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 25-ին:

Համաձայնագրի նախագծով՝ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցելու են հետևյալ ուղղություններով.

  • ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
  • ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում,
  • ռազմական նշանակության արտադրանքի հետազոտում և մշակում,
  • մատակարարման համար նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի որակի հսկողության ապահովում,
  • ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները,
  • ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ կնքվելիք համաձայնագիրն իրավական հիմք է ստեղծումարդյունավետ ռազմատեխնիկական համագործակցության համար:

«Համաձայնագրի կնքումը լիովին համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ազգային զինված ուժերի համար սպառազինության արդյունավետության ու հեռանկարային զարգացումների համար», — մասնավորապես նշվում է հիմնավորման մեջ:

Ավելացնենք, որ 2015-ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Չեխիա, որտեղ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարին: Հանդիպման ընթացքում որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ են նշվել ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը: Պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *