ՀՀ ԶՈւ զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի

2016թ. մարտի 14-ին մահացած զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային: Այս մասին հունիսի 15-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացած վիճակում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Վաչիկի Մարտիրոսյանը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցվել էր քրեական գործ:

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կ.Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։

5 զինծառայողի առաջադրվել են մեղադրանքներ։ 2 ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 2 ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։

Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *