Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ կառավարությունն իր հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:
Համաձայնագրի նախագծով՝ Հայաստանն ու Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցելու են հետևյալ ուղղություններով.
- ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում,
- ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում,
- ռազմական նշանակության արտադրանքի հետազոտում և մշակում,
- մատակարարման համար նախատեսված ռազմական նշանակության արտադրանքի որակի հսկողության ապահովում,
- ուսումնական հաստատություններում մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով կողմերի պահանջարկները և հնարավորությունները,
- ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:
Համատեղ գործունեության ընթացքում ձեռքբերված տեղեկատվությունը այլ երկրներին վաճառելը կամ փոխանցելը համաձայնագրով հնարավոր կլինի միայն երկու կողմերի համաձայնությամբ:
Համաձայնագրի նախագծով՝ կողմերը պայմանավորվում են ստեղծել ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ՝ կազմված Հայաստանի և Չեխիայի ներկայացուցիչներից:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ կնքվելիք համաձայնագիրն իրավական հիմք է ստեղծում արդյունավետ ռազմատեխնիկական համագործակցության համար:
«Համաձայնագրի կնքումը լիովին համապատասխանում է Հայաստանի ռազմավարական շահերին և դրա իրագործումը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ազգային զինված ուժերի համար սպառազինության արդյունավետության ու հեռանկարային զարգացումների համար», — մասնավորապես նշվում է հիմնավորման մեջ:
Ավելացնենք, որ 2015-ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Չեխիա, որտեղ հանդիպել է Չեխիայի պաշտպանության նախարարին: Հանդիպման ընթացքում որպես երկկողմ համագործակցության խոստումնալից ոլորտներ են նշվել ռազմական արդյունաբերությունը, կրթությունը, բժշկությունը, իրավապահությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծումն ու կիբերանվտանգությունը: Պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանն այցելել է նաև չեխական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:
Հիշեցնենք նաև, որ 2016-ի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նաև Հունաստանի հետ նմանատիպ համաձայնագիր կնքելու մասին ՀՀ ՊՆ առաջարկությանը: Հայ-հունական ռազմատեխնիկական համաձայնագրի դրույթներով նույնպես նախատեսվում է համագործակցություն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկման, կադրերի պատրաստման և այլ ոլորտներում:
Բացի այդ, Հունաստանի հետ կնքվելիք համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ կազմակերպությունների հիմնադրում՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Կայացել է Հայաստանի և Չեխիայի ՊՆ ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը | Ռազմ.info