Վրաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են Վրաստանի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցերը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Վարշավայի գագաթաժողովին նախապատրաստվելու ընթացքում այցելել է նաև Ֆրանսիա, որտեղ հանդիպել է այդ երկրում իր գործընկեր Ժան-Իվ լը Դրիանի հետ: Այս մասին հունիսի 14-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ֆրանսիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են Վարշավայում անցկացվելիք գագաթաժողովը, ինչպես նաև Վրաստանի հակաօդային պաշտպանության կարողությունների ուժեղացման հարցեր:

«Մեր համագործակցությունն ակտիվ փուլ է մտել: Ֆրանսիան ակտիվորեն աջակցում է մեզ հակաօդային պաշտպանության ոլորտի և ավիացիայի զարգացման համար: Մենք խոսել ենք նաև Վարշավայի գագաթաժողովի մասին: Հույս ունենք, որ 2017-ին երկկողմ համագործակցության շրջանակներում հետաքրքիր նախագծեր կիրականացվեն», — հանդիպումից հետո ասել է Խիդաշելին:

Նշվում է նաև, որ առաջիկայում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելելու է Վրաստան և մասնակցելու է Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հոբելյանական 10-ամյակի միջոցառումներին:

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցը բացվել է 2006 թվականի օգոստոսի 14-ին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։

Հավելենք, որ Խիդաշելին հուլիսի 8-9-ը Վարշավայում անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու համար հունիսի 1-ից այցելել է եվրոպական երկրներ և ԱՄՆ: Նա եղել է Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում: Խիդաշելիի շրջայցը կավարտվի հունիսի 15-ին Բրյուսելում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր էր կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Այս մասին հայտնում էր Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով սակայն պայմանագրի մասին մանրամասներ։ Թեև հաղորդագրության մեջ չէր մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն հրապարակված լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում

Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքում
Նկարը՝ 2015թ.

Ընդամենը մի քանի ամիս հետո՝ հուլիսի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարը դարձյալ Փարիզում հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեի (Antoine Bouvier) հետ կնքեց ևս մեկ պայմանագիր։ Այս պայմանագրի մանրամասների վերաբերյալ ևս տեղեկություններ չհաղորդվեցին ։ Վրաստանյան կողմը հայտնեց միայն, որ այս պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից (2015թ. հուլիսի 10), իսկ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամսյա տեղեկատվական-վերլուծական «Արտասահմանյան ռազմական տեսություն» (Зарубежное военное обозрение.) ամսագրի 2015 թվականի , №11 համարում «Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առաջնահերթությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար» հոդվածում, այնուամենայնիվ, նշված է, որ «…ընթացիկ տարվա կեսերին Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց տրամադրել նրան [նկատի ունի Վրաստանին-Razm.info] Ground Master ռադիոտեղորոշման կայան և կարճ հեռահարության «MICA» զենիթահրթիռային համալիրներ»։

Այս տեղեկությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ThalesRaytheonSystems ընկերությունից Վրաստանը հնարավոր է գնելու է ռադիոտեղորոշման կայանը, իսկ MBDA-ից արդեն զենիթահրթիռային համակարգը։

One response to “Վրաստանի և Ֆրանսիայի ՊՆ նախարարները քննարկել են Վրաստանի ՀՕՊ համակարգի ուժեղացման հարցերը

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *