Հուլիսի 10-ին Փարիզում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրթիռներ արտադրող եվրոպական MBDA ընկերության հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն բացահայտվում։ Փաստաթուղթը ստորագրել են Խիդաշելին և MBDA-ի գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեն (Antoine Bouvier)։ Այս մասին հայտնում է վրաստանյան Civil.ge լրատվական կայքը։
![Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և MBDA-ի գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեն (Antoine Bouvier)։](https://razm.info/wp-content/uploads/2015/07/11693850_1018622244837184_5544351228490453146_n-480x360.jpg)
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին և MBDA-ի գլխավոր տնօրեն Անտուան Բուվիեն (Antoine Bouvier)։
MBDA-ն իտալական Alenia Marconi Systems, եվրոպական Airbus և բրիտանական BAE Systems ընկերությունների համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է հրթիռային սպառազինություն՝ ՀՕՊ-ից մինչև հակատանկային հրթիռային համակարգեր:
Պայմանագրի ստորագրումից հետո վրաստանյան Ռուսթավի-2 հեռուստաընկերության հետ հարցազրույցում Խիդաշելին հայտարարել է, որ այս և մի քանի շաբաթ առաջ կնքած պայմանագրերը (նկատի ունի ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիրը) «երաշխավորում են Վրաստանի անվտանգությունը»։
«Մենք մեր հիմնական նպատակին հասել ենք, հիմք ենք ստացել ապահովել Վրաստանի հակաօդային պաշտպանությունը։ Այս համակարգը համատեղելի է ՆԱՏՕ-ի չափանիշներին»,— հայտարարել է Խիդաշելին։
Պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ Ֆրանսիայից վերադառնալուց հետո հանդիպելու է երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի վստահության խմբի հետ, ինչից հետո միայն կնքված պայմանագրերի մասին որոշակի տեղեկատվություն հասանելի կդառնա հանրությանը։
Ինչպես Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն է հաղորդում, պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից (հուլիսի 10), իսկ պայմանագրի իրականացումը սկսվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։
Ռուսաստանյան Sputniknews.com-ի հաղորդմամաբ էլ, Խիդաշելին Փարիզում հայտարարել է, որ աշնան վերջին Ֆրանսիայում նա կկնքի ևս մեկ «Վրաստանի անվտանգության համար կարևոր պայմանագիր»։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Փարիզի 51-րդ միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր է կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։
Թեև չի մասնավորեցվում՝ հատկապես ինչ տեսակի հակաօդային պաշտպանության միջոցի մասին է խոսքը, սակայն այդ օրը ՊՆ-ի հրապարակած լուսանկարներից և տեսանյութից երևում է, որ վրաստանյան կողմին ներկայացվում է ThalesRaytheonSystems ընկերության փոքր հեռահարության Crotale զենիթահրթիռային համալիրը և Ground Master 200 միջին հեռահարության ռադիոտեղորոշման կայանը: Չի բացառվում, որ խոսքը հենց այս միջոցների մասին է:
Pingback: Խիդաշելին Վրաստանի նախագահին է ներկայացրել Փարիզում կնքած պայմանագրերը | Ռազմ.info
Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Airbus Defence & Space ընկերության պատվիրակությանը | Ռազմ.info