ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացին

Վրաստանի Սաչխերեյի լեռնային պատրաստության դպրոցում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership for Peace — PfP) շրջանակներում մեկնարկել է ձմեռային վերապատրաստման փուլը, որին մասնակցում են նաև Հայաստանի ԶՈւ զինծառայողներ։

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը

Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային վերապատրաստման դասընթացը

Այս մասին հունվարի 18-ին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, դասընթացին, որը տևելու է մինչև փետրվարի 12-ը, մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների 13 զինծառայող։ Վրաստանցի զինծառայողների հետ վերապատրաստվում են նաև Թուրքիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Լատվիայի 13 զինծառայող։

Հայտնի է, որ ձմեռային վերապատրաստման դասընթացը բաղկացած է 2 փուլից։ Առաջին փուլն անցկացվելու է Օրփոլո զորավարժարանում, որտեղ մասնակիցները լեռնային պայմաններում կրակային պատրաստություն են անցնելու։ Երկրորդ փուլն անցնելու է Գուդաուրիում, որտեղ էլ ձյան պայմաններում մասնակիցները պայմանականորեն ձնաբքում մնացած մարդկանց փրկելու համար որոնողափրկարարական և տարհանման աշխատանքներ են անելու։

Դասընթացը վարելու են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի հրահանգիչները՝ գնահատելով յուրաքանչյուր զինծառայողի առաջադրանքը կատարելու ընթացքում։

Հավելենք, որ դեռևս 2007 թվականից ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները վերապատրաստվում են Վրաստանում։ 2014 թ. հրապարակվել է Սաչխերեում 2007-ից մինչ 2014թ. դասընթացների մասնակցած զինծառայողների թիվը։ Այդ թվում զգալի մաս են կազմում նաև ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները։

Այսպիոսով՝ 2007թ. Հայաստանից վերապատրաստվել է 11 զինծառայող, 2011թ.՝ 21, 2012թ.՝ 62, 2013թ.՝ 113, 2014թ. ՝ 26 զինծառայող։

Ռազմինֆոն բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015 թվականին հաշվել է ՀՀ ԶՈւ 18 զինծառայողի, ովքեր վերապատրաստվել են Սաչխերեում։

Հավելենք, որ դպրոցը բացվել է 2006 թվականին՝ Ֆրանսիայի ակտիվ մասնակցությամբ։ 2010 թվականից ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այն ստացել է լեռնային պատրաստության կենտրոնի կարգավիճակ, ինչն էլ հնարավորություն է տալիս այդ ծրագրին մասնակցող երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին վերապատրաստվել այդտեղ։

One response to “ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցում են Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի ձմեռային դասընթացին

  1. Pingback: Երևանում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի ՊՆ միջև 2016թ-ի պաշտպանական համագործակցության պլանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *