Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի նորակոչիկ դիպուկահարները սկսել են մեկամսյա պարապմունքները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Մեկամսյա զորավարժությանը ներգրավված է շուրջ 100 դիպուկահարները շուրջ 1600 մ բարձրության վրա տեղակայված զորավարաժարանում 20 աստիճան ցրտի և 15մ/վրկ քամու առկայության պայմաններում պետք է սովորեն լեռնային պայմաններում կրակելու հմտությունները:
Վարժանքների հիմնական մասն անցկացվելու է գիշերային պայմաններում` գիշերային տեսանելիության սարքերի օգտագործմամբ: Նորակոչիկներին մարզելու են արդեն փորձված դիպուկահարները:
Վարժանքների ընթացքում դիպուկահարները պետք է սովորեն ձմեռային պայմաններում քողարկվելու մեխանիզմները, հեռաչափերի, օդերևութաբանական կայանների, ռադիոկայանների, հետախուզության և ուղղորդման սպառազինության օգտագործման եղանակները:
Վարժանքների մեկամսյա փուլի ավարտին դիպուկահարները զույգերով լեռնային պայմաններում դահուկներով 3 կմ երթուղով մրցում կանցկացնեն` երթի ընթացքում փորձելով խոցել տեղադրված թիրախները:
Ավելացնենք, որ անցյալ շաբաթ մեկնարկել էին Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգների, տանկիստների, ինչպես նաև «Էրեբունի» ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների օդաչուների մեկամսյա վարժանքները։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 17 – 23 հունվարի, 2016 | Ռազմ.info