Թուրքիայի, Ադրբեջանի «ռազմական կառույցի» միայն անունն է ստեղծվել

Հունվարի 15-ին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը շարունակում են աշխատանքներ տանել «ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների եվրասիական կազմակերպության» (TAKM) ստեղծման ուղղությամբ:

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Իսմեթ Յըլմազի հետ գրավոր հարցազրույցի թուրքերեն ամբողջական տեքստում գործակալության լրագրողը նշում է, որ 2015-ի հոկտեմբերին «Թրենդ»-ին տված հարցազրույցում Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն ընգծել էր, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը շարունակում են աշխատանքները նշված կառույցը հիմնելու ուղղությամբ, և հարցնում Թուրքիայի պաշտպանության նախարարի տեսակետն այդ մասին:

Հարցին ի պատասխան Իսմեթ Յըլմազը հաստատում  է, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը (նյութի ռուսերեն տարբերակում նշված էր Ղրղզստան) շարունակում են աշխատանքները կառույցը հիմնելու ուղղությամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարն ամենևին չի ընդգծում կառույցի շրջանակներում համատեղ զորամիավորման կատարելագործման մասին, քանի որ, ըստ էության, կառույցը դեռևս չկա, և միայն աշխատանքներ են տարվում այն հիմնելու ուղղությամբ:

Ընդ որում՝ հունվարի 18-ին լրատվամիջոցի ռուսերեն բաժնում հրապարակված «Թուրքիան և Ադրբեջանը կատարելագործում են համատեղ զինված ուժերը. Թուրքիայի պաշտպանության նախարար» վերնագրով հոդվածի բովանդակությունը մասամբ չի համապատասխանում թուրքերեն բաժնում հրապարակված հարցազրույցի բովանդակությանը:

Լրատվամիջոցի ռուսերեն բաժնում նշվում է, որ հունվարի 15-ին տված հարցազրույցում Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Ղրղզստանն աշխատանքներ են տանում «ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների եվրասիական կազմակերպության» (TAKM) ծրագրի շրջանակներում միասնական զինված ուժերի կատարելագործման ուղղությամբ, մինչդեռ թուրքերեն բաժնում նշվում է միայն կազմակերպությունը հիմնելու ուղղությամբ տարվող աշխատաքնների մասին:

Ինչ վերաբերում է  «ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների եվրասիական կազմակերպության» (TAKM) կազմակերպությունը, ապա այն «փաստաթղթային մակարդակով» հիմնվել էր 2013-ի հունվարի 29-ին Բաքվում կայացած համաժողովի ժամանակ, որին Ադրբեջանից մասնակցում էր այդ ժամանակ ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը (ներկայումս պաշտպանության նախարար), Թուրքիայի կողմից՝ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Բեքիր Քալոնչուն, Ղրղզստանից՝ ներքին զորքերի հրամանատար, գնդապետ Սովետբեկ Արբաևը և Մոնղոլիայի ներքին զորքերի պատվիրակությունը։

Սակայն 2014-ի հուլիսին Մոնղոլիան հրաժարվեց ստորագրել պայմանագիրը: Այնուհետև հայտարարվեց, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղզստանը, ինչպես նաև Ղազախստանն աշխատանքներ են սկսել կառույցը վերակազմավորելու ուղղությամբ, սակայն դեռս որևէ շոշափելի արդյունքի մասին չի հրապարակվել:

Դեռևս ստեղծման փուլում գտնվող կազմակերպությունն իր մեջ նախատեսում է ներառել անդամ երկրների ներքին զորքրերից կամ ժանդարմերիայից առանձնացված ստորաբաժանումներ, որոնք տվյալ երկրների տարածքում պետք է զբաղվեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության և արմատական խմբավորումների դեմ պայքարով: Այսինքն, անգամ հիմնվելու դեպքում նշված կազմակերպությունը չի ենթադրում համատեղ զինված ուժերի ստեղծում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *