Պետք է ամրապնդել ՀԱՊԿ երկրների հետ ռազմական համագործակցությունը. ՌԴ նախագահ

ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է խորացնել ռազմական համագործակցությունը գործընկեր երկրների` առաջին հերթին ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:

«Մեր հիմնական խնդիրներից մեկը դաշնակիցների և գործընկերների` մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների, ինչպես նաև այլ երկրների հետ ռազմական համագործակցության խորացումն է: Դա վերաբերում է նաև մեր ուսումնական հաստատություններում արտասահմանյան երկրների մասնագետների պատրաստմանը, վերապատրաստման ընդհանուր մեթոդիկայի ներդրմանը և անձնակազմի հետ տարվող աշխատանքներին», — ասել է ՌԴ նախագահը:

Ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ իրենք համագործակցում են շուրջ 80 երկրների հետ, այդ երկրների շարքում հատկապես առանձնացրել է ՀԱՊԿ անդամների հետ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ռուսաստանում  Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացված ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում կառույցի անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը միաձայն աջակցել են նաև Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *