Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ռուսաստանում անցվակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեի նիստ, որը ղեկավարել է Հայաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը քննարկել են վերջերս Թուրքիայի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը՝ թուրքական կողմի քայլը որակելով ագրեսիա։ Մասնակիցները միաձայն աջակցել են նաև Սիրիայում Ռուսաստանի գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Յուրի Խաչատուրովի խոսքերին։
«ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ԶՈւ ԳՇ պետերը միաձայն սատարել են Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այլ կերպ մենք չէինք կարող այն բնութագրել՝ սա հարված էր մեջքից, ինչպես ավելի վաղ Ռուսաստանում էին նշել»,— հայտարարել է Խաչատուրովը՝ նշելով, որ մասնակիցներն աջակցել են Ռուսաստանին՝ բոլոր որոշումներում։
Իր հերթին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերիյ Գերասիմովը նշել է, որ հանդիպման մասնակիցները քնարկել են այն անհրաժեշտ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկվեն «ՀԱՊԿ տարածքի տարբեր շրջաններում ահաբեկչական նկրտումների հետագա զարգացումը կանխելու համար»։
Հավելենք, որ այս տարվա սեպտեմբերի 15-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որտեղ էլ Հայաստանը Տաջիկստանից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը։
Pingback: Պետք է ամրապնդել ՀԱՊԿ երկրների հետ ռազմական համագործակցությունը. ՌԴ նախագահ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info