ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել Սիրիայում իրենց զինվորականներին սպառնացող յուրաքանչյուր վտանգ, հզորացնել ՌԴ միջուկային ուժերի պոտենցիալը և բարձրացնել օդատիեզերական ուժերի արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:
Պուտինը նշել է, որ իրենք կպատասխանեն բոլոր տեսակի սադրանքներին` ուղղված Սիրիայում իրենց զինծառայողներին կամ ռազմաբազային: Նա կոչ է արել առավելագույն խստությամբ պատժել իրենց զինծառայողներին սպառնացող ուժերին և վերացնել բոլոր սպառնալիքները: ՌԴ նախագահը նաև շեշտել է, որ իրենք Սիրիայում տեղակայել են նոր հակաօդային պաշտպանության միջոցներ և ավելացրել են օդուժը:
Պուտինն ընդգծել է, որ տարբեր երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից և ԱՊՀ մյուս երկրներից գնացած զանազան էթնիկական խմբերին պատկանող մարդիկ օժանդակում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը, ինչն անմիջական վտանգ է Ռուսաստանի համար, այդ իսկ պատճառով Սիրիայում ՌԴ զինծառայողներն առաջին հերթին իրենց երկրի անվտանգությունն են պաշտպանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել էր ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ`Սու-30ՍՄ կործանիչների աջակցությամբ։
Թուրքիային անհանգստացնում էին իրեն սահմանակից սիրիական շրջաններում ՌԴ օդուժի գործողությունները, քանի որ այդ շրջաններն Անկարան համարում է իր ազդեցության գոտին` օգտագործելով նաև այդտեղ ապրող թյուրքական ազգություններին` այսպես կոչված «Սիրիայի թուրքմեններին»: Թուրքիան մի քանի անգամ դժգոհել էր ՌԴ օդուժի կողմից իր սահմանը հատելու համար: Իսկ նոյեմբերի 24-ին Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը, ինչը բերեց երկու երկրների հարաբերությունների սրման:
Դրանից հետո էր, որ Ռուսաստանը Սիրիայում տեղակայեց Ս-400 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև նախատեսվում էր կործանիչներ ուղարկել Սիրիա՝ այնտեղ ավիահարվածներ իրականացնող ռմբակոծիչներին ուղեկցելու համար: