Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երրորդ խումբը

Նոյեմբերի 20-ին Լիբանան է մեկնել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, որի հրաժեշտի հանդիսավոր արարողության ժամանակ անձնակազմին վերջին ցուցումներն է տվել բրիգադի շտաբի պետ, գնդապետ Արտյոմ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ նոյեմբերի 21-ի թողարկումը:

Լիբանան մեկնող հայկական երրորդ զորախմբի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը. նոյեմբեր 2015թ.

Լիբանան մեկնող հայկական երրորդ զորախմբի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը. նոյեմբեր 2015թ.

Լիբանան մեկնող նոր զորախմբի զինծառայողների մեծ մասը նախկինում ևս մասնակցել է խաղաղապահ առաքելությունների և ունի համապատասխան փորձառություն, ինչի մասին հայտնել է զորախմբի ղեկավար, մայոր Գևորգ Սայադյանը:

[Լրացում] Նոյեմբերի 28-ին՝ հերթափոխից հետո, Հայաստան է վերադարձել ՀՀ ԶՈւ խաղաղապահների՝ Լիբանանում ծառայությունն ավարտած երկրորդ խումբը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ դեկտեմբերի 5-ի թողարկումը։

Նշենք, որ ներկայում Լիբանանում ծառայություն է իրականացնում  ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների 32 զինծառայող: Հայաստանն այս խաղաղապահ ծրագրին միացել է 2014-ի նոյեմբերին: Իսկ 2015-ի մայիսին Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների երկրորդ խումբը: Առաքելությանը Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը: Ներկայում Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումները նմանատիպ առաքելությունների շրջանակներում ծառայություն են իրականացնում նաև Աֆղանստանում ու Կոսովոյում:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL – United Nations Interim Force in Lebanon) այդ երկրում գործում են 1978-ից, ՄԱԿ ԱԽ-ն պարբերաբար երկարացվում է դրանց տեղակայման ժամկետը: ՄԱԿ խաղաղապահների տեղակայման նպատակը Լիբանանի հարավային տարածքներից իսրայելական զորքերի դուրսբերումն էր (զորքերը դուրս են բերվել միայն 2000թ.) և այդ տարածքներում Լիբանանի իշխանությունների վերականգնումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *