Վրաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Առաջին անգամ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Վերջինս  ժամանել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացման կապակցությամբ։ Օգոստոսի 26-ին նրան օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Ստոլտենբերգին պաշտպանական գերատեսչությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։  ՆԱՏՕ-ի պատվիրակության կազմում են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, Վրաստանում Դաշինքի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն և մի քանի բարձրաստիճան զինվորական։

Վրաստանյան կողմից ներկա են եղել Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ գնդապետ Օմար Բեգոիձեն, ՆԱՏՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Մայսուրաձեն։

Խիդաշելին և Ստոլտենբերգը քննարկել են Վրաստանին Ուելսի գագաթաժողովում տրված համագործակցության փաթեթի կետերի իրականացման հարցերը, ինչպես նաև 2016 թվականին կայանալիք Վարշավայի գագաթաժողովին վրաստանյան կողմի պատրաստության ընթացքը։

Ինչպես հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Խիդաշելին նշել է, որ «Վրաստանի համար առաջնային է ՆԱՏՕ-ի տված փաթեթի արագ և արդյունավետ կատարումը, քանի որ այն օգնում է պատրաստվել անդամակցության։ Իսկ «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում բացվելիք ուսումնական կենտրոնը ևս մեկ անգամ ցույց է տալիս այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը»։

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Նույն օրը՝ օգոստոսի 27-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Դաշինքի գլխավոր քարտուղարին։ Երկկողմ հանդիպումից հետո ընդլայնված հանդիպմանը վարչապետի հետ վրաստանյան կողմը ներկայացրել են արտգործնախարարը, պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը։
Հանդիպման ավարտից հետո ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Ստոլտենբերգի խոսքերը։

Յենս Ստոլտենբերգը կարևորել է Վրաստանի դերակատարությունն Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության իրականացման գործում, ինչպես նաև նշել, որ ՆԱՏՕ-ն իր հերթին օգնում է Վրաստանի զինված ուժերին ավելի մարտունակ դառնալ ու այդ ուղղությամբ անցկացվում են մի շարք զորավարժություններ ու պաշտպանական համակարգում բարեփոխումներ։ Ստոլտենբերգը կարևորել է նաև բացվելիք ուսումնական կենտրոնի դերը, նշելով, որ այն ՆԱՏՕ-ի և Հյուսիսատլանտյան Դաշինքի գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություն կտա։

Այս ամենին զուգահեռ Ստոլտենբերգը նաև շեշտել է, որ «Եվրոատլանտյան ինտեգրացիան դյուրին ճանապարհ չէ։ Այն պահանջում է ժամանակ, ջանքեր և իրական փոփոխությունների վճռականություն»։

Օգոստոսի 27-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է համատեղ ուսումնական կենտրոնի բացումը Վրաստանի «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնում։

Վրաստանի վարչապետն ու Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարը

Վրաստանի վարչապետն ու Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարը

One response to “Վրաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *