ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության շտաբը որոշել է միջամտել պայմանական անդամ պետության տարածքում ծագած հակամարտությանը: Սրանով օգոստոսի 26-ի երեկոյան ավարտվել է Ռուսաստանի Պսկով քաղաքում «Փոխգործակցություն-2015» զորավարժության առաջին փուլը, որի ժամանակ շտաբը նախապատրաստում էր զորքերի գործողությունները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Զորավարժության առաջին փուլում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շտաբը հակամարտությանը ներգրավվելու որոշում է ընդունել, ինչից հետո կազմել է զորքերի գործողության պլանը:
Միաժամանակ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի՝ զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները տեղափոխվել են բուն գործողությունների վայր, որտեղ կահավորված է ռազմական գործողությունների վայրին առավելագույնս նմանեցված տարածք:
Վարժանքների ընթացքում ստորաբաժանումները նորմատիվներ են հանձնելու երթային, մարտավարական, մարտավարամասնագիտական, ինժեներական և կրակային պատրաստություններից:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, մեկնարկելու է զորավարժության գործնական փուլը, որի ընթացքում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքամն հավաքական ուժերի ստորաբաժանումները անցկացնելու են հակամարտության տեղայնացման և ապօրինի զինված խմբավորումների չեզոքացման գործողություններ:
Զորավարժության սցենարով, ինչպես արդեն հայտնել ենք, թշնամական պետությունը փորձում է ապակայունացնել ՀԱՊԿ անդամ պայմանական պետության իրավիճակը՝ այնտեղ սեփական զորքեր մտցնելու և տարածքն իր վերահսկողության տակ առնելու նպատակով: Դրա համար հակառակորդը ապօրինի զինված կազմավորումներ է ուղարկում ՀԱՊԿ անդամ պետության տարածք, որպեսզի նրանք գրավեն պետական և ռազմական կարևոր օբյեկտները, ոչնչացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպեն ահաբեկչություններ, ինչն ընդհանուր առմամբ կապակայունացնի իրավիճակը և թշնամական պետությանը թույլ կտա սեփական զորքը մտցնել այդ տարածք և ստեղծել իրեն ենթակա պետական կազմավորում:
ՀԱՊԿ անդամ պետությունն այս իրավիճակից խուսափելու, սահմանադրական կարգն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար դիմում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին (ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների խորհրուրդը՝ ՀԱՊԿ ղեկավար մարմինը), որպեսզի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերն (ՕԱՀՈւ) օգնության հասնեն:
ՀԱՊԿ հավաքական ուժերը պիտի որոնողական և դարանակալման գործողություններ իրականացնեն՝ թշնամական պետության ապօրինի զինված կազմավորումների հայտնաբերման և ոչնչացման համար: Բացի այդ, հավաքական ուժերը պիտի օգնեն ՀԱՊԿ անդամ պետության սահմանապահ ուժերին, ուժեղացնեն պետական և ռազմական օբյեկտների պահպանությունը, ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունակությունը, պայքարեն թմրադեղերի ապօրինի շրջձանառության դեմ, մարդասիրական օգնություն տրամադրեն բնակչությանն ու օգնեն աղետների հետևանքների վերացման գործում:
Հավաքական ուժերի կազմում ներգրավված են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 2000 զինծառայող:
Նշենք, որ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն» զորավարժություններն ամենամյա են: 2014-ին զորավարժությունն անցկացվել է Ղազախստանում, 2013-ին՝ Բելառուսում, 2012-ին՝ Հայաստանում:
Pingback: ՀՀ ԶՈւ զինծառայողները Տաջիկստանում կմասնակցեն ՀԱՊԿ զորավարժության | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info