ՆԱՏՕ-ն լայնամասշտաբ զորավարժություն է սկսել Լեհաստանում և Մերձբալթիկայում

ՆԱՏՕ-ն հունիսի 1-ին Լեհաստանում և մերձբալթյան երեք երկրներում՝ Լիտվայում, Էստոնիայում և Լատվիայում, զորավարժություն է սկսել, որի հիմնական պատճառը 2014-ին ՌԴ-ի՝ Ղրիմը միացնելուց հետո Ռուսաստան-Արևմուտք հետզհետե ավելի լարվող հարաբերություններն են:«Սվինի հարված 2015» (Saber Strike 2015) անունը կրող զորավարժությանը մասնակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 13 պետություն, 6000 զինծառայող: Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը:

Նախորդ տարվա Saber Strike 2014 զորավարժությունը

Նախորդ տարվա Saber Strike 2014 զորավարժությունը

Լիտվայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ալմանտաս Լեիկան հայտնել է, որ սա ամենալայնամասշտաբ զորավարժությունն է, որին իրենք մասնկացում են ՆԱՏՕ-ին միանալուց ի վեր՝ հավելելով, որ զորավարժությունը շարունակվելու է մինչև հունիսի 19-ը: Վարժանքներին մասնակցելու են նաև Abrams տանկեր և B-52 ռմբակոծիչներ:

Հատկանշական է, որ 2004-ին դաշինքին միացած Մերձբալթյան երկրների օդային տարածքը հսկում են նատօյական ռազմաօդային ուժերը: Անցած ամիս Լատվիան, Լիտվան և Էստոնիան խնդրագրով դիմել են ՆԱՏՕ-ին՝ ՌԴ-ի հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար իրենց տարածքներում մի քանի հազարանոց զորքեր տեղակայել: Այս հարցի վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել:

Նշենք, որ վերջին շրջանում ՆԱՏՕ-ն սկսել է մեծացնել իր ռազմական ուժերն ու դրանց մարզուների քանակը, ինչը պատճառաբանում է Ռուսաստանի ռազմական գործունեությամբ ու վերջինիս՝ ուկրաինական ճգնաժամում ներգրավվածության խորացմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *