Ղրղզստանի Կանտ քաղաքի ռուսաստանյան ավիաբազայում հունիսի 2-ին սկսվել է Ռուսաստանի օդադեսանտային ուժերի և Ղրղզստանի ազգային գվարդիայի հատուկ նշանակության «Պանտերա» բրիգադի համատեղ մարտավարական զորավարժության ակտիվ փուլը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Առաջին գործնական վարժանքներն անցկացվելու են Կանտի ռազմական օդանավակայանում, որից հետո զորավարժության մասնակիցները նաև դեսանտային վարժանքներ են անցկացնելու լեռնային վայրերում՝ նման պայմաններում գործելու հմտությունները կատարելագործելու համար:
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է մայիսի 25-ին: Առաջին փուլում մասնակիցներն անցնել են մարտավարամասնագիտական պատրաստություն:
Նշենք նաև, որ ներկայումս Ղրղզստանում տեղակայված է ռուսաստանյան 4 ռազմական օբյեկտ, որոնցից առաջինը Կարակոլ քաղաքում տեղակայված փորձարկումների բազան է (պայմանագիրը կնքվել է 1993-ին), երկրոդը՝ Չալդովար գյուղի կապի հանգույցը, երրորդը՝ առանձին սեյսմիկ կայանը՝ Մայլի-Սուու քաղաքում, իսկ չորրորդը՝ 2003-ից Կանտում տեղակայված ավիաբազան: