Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մայիսի 25-ին կայացել է ռուս-ղրղզական համատեղ զորավարժության պաշտոնական բացումը: Զորավարժությանը մասնակցելու են Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ու Ղրղզստանի ազգային գվարդիայի զինծառայողները:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Ղրղզստանի ազգային գվարդիայի ղեկավար Մելիս Սատիբակդիևը բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ զորավարժությունն իրականացվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների ձեռք բերած համաձայնությամբ, ինչպես նաև հավելել, որ այն տևելու է 10 օր: Ազգային գվարդիայի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ այս զորավարժությունը կնպաստի մասնակից զինծառայողների հմտությունների ու համատեղ գործողությունների ժամանակ փոխհամաձայնեցված գործելու կարողությունների կատարելագործմանը:
Զորավարժության առաջին փուլում մասնակիցներն անցնելու են մարտավարամասնագիտական պատրաստություն, իսկ երկրորդ փուլում, որը սկսվելու է հունիսի 2-ին, նախատեսվում է անցկացնել գործնական վարժանքներ:
Մայիսի 26-27-ին իրականացվելու են օդադեսանտային տեսական պարապմունքներ: Մայիսի 28-ին Ղրղզստանի «Ալա-Տոո» զորավարժարանում կանցկացվեն կրակային պրակտիկ վարժանքներ, որոնց ժամանակ կկիրառվեն հրազեն և նռնակներ։
Զորավարժության հաջորդ օրերին նախատեսվում է իրականցնել դեսանտային գործողություններ, այդ թվում՝ ՌԴ դեսանտայիններին և Ղրղզստանի ազգային գվարդիայի զինծառայողներին ուղղաթիռներով իջեցնել նախանշված վայրեր, ինչպես նաև զորավարժության մասնակիցների՝ լեռնային վայրերում գործելու հմտությունների կատարելագործում:
Զորավարժությանը մասնակցելու են նաև Ղրղզստանի Չույ մարզի Կանտ քաղաքում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ավիացիոն ուժերը։
Pingback: Ղրղզստանում սկսվել է ռուս-ղրղզական համատեղ զորավարժության ակտիվ փուլը | Ռազմ.info