Դեռևս անորոշ են Ռուսաստանի՝ Իրանին Ս-300-ներ փոխանցելու ժամկետները

Ռուսաստանը ոչ թե իր զինված ուժերի պահեստային Ս-300-ները, այլ գործարանային արտադրության ամբողջովին նոր համակարգեր է փոխանցելու Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը,  հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լյուկյանով, անդրադառնալով ռուս-իրանական վերոնշյալ գործարքին, նշել է, որ փոխանցման որոշումը կայացված է, սակայն մանրամասները, այդ թվում՝ փոխանցման ժամկետները, դեռ չեն հստակեցվել:

Զենիթահրթռային համակարգերի փոխանցման հարցում հատկանշական է այն հանգամանքը, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը ապրիլի 16-ին հայտարարել է, որ իրենք ռուսաստանյան կողմի հետ համաձայնություն ունեն Ս-300-ները ստանալ մինչև այս տարվա վերջ:

Իրանական FARS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած ռուսասատանյան կողմից ժամկետների անորոշության վերաբերյալ հայտարարություններին՝ ռուս-իրանական բանակացությունները դրական  և հաջող է գնահատում նաև Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ամիր Աբդոլլահյան:

Հիշեցնենք, որ դեռևս 2007-ին Իրանին 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված 800 մլն դոլարի պայմանագիրը 3 տարի անց կասեցվել էր ՌԴ նախագահի կողմից՝ Իրանին զենք չտրամադրելու պատժամիջոցների պատճառաբանությամբ:

Սակայն Ս-300-ների՝ Իրան արտահանման ու այդ երկրին տրամադրելու արգելքը հանվել է այս տարի՝ ապրիլի 13-ին, ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս որոշումը մեկնաբանել է միջուկային հարցի շուրջ Արևմուտքի և Իրանի բանակցություններում վերջին շրջանում նկատվող առաջընթացով: Իսկ նախագահ Պուտինը նշել է, թե այս որոշումը չի կարելի համարել ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկում, քանի որ Ս-300-ներն ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ի կողմից Իրանի վրա սահմանված զենքի էմբարգոյի ցուցակում, և 2007-ի պայմանագրի կասեցումը միակողմանի որոշում է եղել:

Ենթադրվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին փոխանցել համակարգերի Ս-300ՎՄ «Անթեյ-2500» տարբերակը, որն ունակ է ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից): Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ թիրախների (հրթիռներ) խոցման հավանականությունը գնահատվում է 40-ից 70 տոկոս, աերոդինամիկ (ինքնաթիռներ) թիրախների դեպքում՝ մինչև 90 տոկոս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *