Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը հայ-կիպրական ռազմական համագործակցությանը

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ, անդրառանալով երեկ՝ մայիսի 27-ին, Երևանում կայացած ՀՀ և Կիպրոսի պաշտպանության նախարարների հանդիպմանը, հիմնականում ներկայացրել են բանակցությունների ընթացքը, ձեռք բերված որոշումները՝ խուսափելով սեփական մեկնաբանությունների ներկայացումից։

Թուրքական մամուլ

Թուրքական մամուլ

Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը, անդրադառնալով Կիպրոսի պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդիսի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպմանը, իր` «Հայաստանը և Հարավային Կիպրոսի հունական ղեկավարությունը ստորագրել ռազմական համագործակցության 2015-ի պլանը» հոդվածում նշում է, որ Սեյրան Օհանյանն ընդունել է Կիպրոսի գործընկերոջ՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու առաջարկը։

Կայքի հոդվածում նաև նշվում է, որ Սեյրան Օհանյանը, հիշեցնելով երկու երկրների ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի մասին, հավելել է, որ այդ հանձնաժողովը պետք է այս տարվա՝ 2015-ի երկրորդ կեսին գումարի ժողով և քննարկի համագործակցության մեխանիզմները։
Ընդգծվում է նաև, որ դեռևս 2012-ին Կիպրոսը և Հայաստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր, որը ներառում է նաև համագործակցություն ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում։

Թուրքական TRT Türk պետական հեռուստառադիոընկերության կայքը իր հերթին ավելացնում է, որ 2012-ին կնքված ռազմական համագործակցության պլանի շրջանակներում կնքնվել է 20-ից ավելի համաձայնագիր։ Հատկանշական է, որ TRT Türk-ի հոդվածում ընդգծված չէ «Հարավային Կիպրոսի հունական պետություն» արտահայտությունը, որն օգտագործում է միայն Թուրքիան՝ դեռևս 1974-ին բռնազավթած Կիպրոսի հյուսիսային շրջանում հիմնված այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» լեգիտիմացնելու համար։

Պետք է նաև ընդգծել, որ հայ-կիպրոսյան համագործակցությանը և 2015-ի մայիսի 27-ին Երևանում կայացած բանակցություններին անդրադարձած թուրքական  բոլոր լրատվամիջոցները հղում են կատարում թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին Երևանում կազմակերպված իր կիպրոսցի գործընկեր Խրիստոֆորոս Ֆոկաիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Կիպրոսը կանցկացնեն համատեղ զորավարժություններ։

Ավելացնենք նաև, որ Կիպրոսի պաշտպանության նախարարության կողմից երեկ՝ մայիսի 27-ին, տարածած հայտարարությունում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կիպրոսի գործընկերոջ հրավերը, և հայկական զինուժը կարող է մասնակցել 2016-ի ամռանը Կիպրոսում անցկացվելիք «Արգոնավորդ» միջազգային ռազմաքաղաքական վարժանքներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *