Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարը հանդիպել է Նախիջևանի ղեկավարին

Մայիսի 14-ին Նախիջևանում կայացել է ինքնավար հանարպետության Գերագույն մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովի հանդիպումը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ, որի ընթացքում կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության կարևորության մասին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Վասիֆ Թալիբովի հանդիպումը բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ

Վասիֆ Թալիբովի հանդիպումը բանակի գեներալ Ումիթ Դյունդարի հետ

Հաղորդագրությունում նշվում է, որ Վասիֆ Թալիբովը շնորհակալություն է հայտնել  թուրք գեներալին Նախիջևանի առանձին համազորային բանակի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար՝ հավելելով, որ առանձին զորամիավորման ստեղծումը պայմանավորված էր «շրջափակման» պայմաններում հայտնված լինելով, ինչպես նաև հարևանությամբ թշնամական երկրի առկայությամբ (նկատի ունի Հայաստանը-Ռազմինֆո)։

Մեջլիսիս ղեկավարն անդրադարձել է նաև մայիսի 12-ից 16-ն ինքնավար հանրապետությունում անցկացվող թուրք-ադրբեջանական՝ ԶՈւ ցամաքային զորքերի ներգրավվածությամբ համատեղ զորավարժությանը՝ նշելով, որ դա է´լ ավելի կբարձրացնի առանձին համազորային բանակի մարտունակությունը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նիհաթ Արշանը։

Հիշեցնենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակը ստեղծվել է 2013-ի դեկտեմբերին՝ ադրբեջանական զինուժի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա։ Զորամիավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևն է։ Նախիջևանում զինված ուժերի վերակազմավորմանն ուղղված ադրբեջանական քայլերը ստիպեցին ՀՀ զինված ուժերի ղեկավարությանը ձեռնարկել համարժեք պատասխան քայլեր։

Արդյունքում, 2014-ի մայիս-հուլիս ամիսներին անսպասելիորեն ադրբեջանցիների համար հայկական զորքը զբաղեցրեց գերիշխող դիրքեր Նախիջևանի հետ սահմանի զգալի հատվածում՝ հայկական զենքի համար հասանելի դարձնելով ինչպես հակառակորդի դիրքերը, այնպես էլ դրանց կոմունիկացիաները։

Նախիջևանում ՀՀ ԶՈւ կողմից գերիշխող բարձունքների զբաղեցման մանրամասներին կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի՝ 2014-ի հունիսի ֆոտոռեպորտաժում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *