Այսօր՝ մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը ժամանել են Նախիջևան՝ հետևելու այնտեղ ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նախիջևանում թուր-ադրբեջանական համատեղ զորավարժությանը մասնակցում են երկու երկրների ԶՈւ ցամաքային զորքերի շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 միավոր հրետանային կայան ու ականանետեր, ռազմաօդային ուժերի 12 միավոր հարվածային ու բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումներ։
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն, իր հերթին, մայիսի 7-ին հայտնել էր, որ համատեղ զորավարժության շրջանակներում Նախիջևան է մեկնելու զինված ուժերի մեխանիզացված մեկ դասակ։
Նշենք, նաև, որ երեկ՝ մայիսի 14-ին զորավարժության շրջանակներում անցկացվեց մարտական հրաձգության փուլը, որի ընթացքում ստուգվել են զորավարժությանը մասնակցած բոլոր զորատեսակների մարտական պատրաստվածությունը, հրամանների կատարման արդյունավետությունը և համակարգումը, մարտական գործողությունների ժամանակ անվտանգության ապահովումը, անձնակազմի կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի արդյունավետ շահագործումը։
Զորավարժությունն ավարտվելու է մայիսի 16-ին։