Կարմիր խաչը կընդլայնի մարդասիրական օգնության տրամադրումը Ուկրաինային

Ապրիլի 21-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եղել է Շվեյցարիայում, որտեղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի հետ պայմանավորվել է, որ ԿԽՄԿ կընդլայնի մարդասիրական օգնության տրամադրումը ուկրաիանական ճգնաժամի պատճառով տուժած քաղաքացիներին: Մաուրերի խոսքով՝ Ուկրաինայում Կարմիր խաչի գործունեության ընդհանուր բյուջեն 2015-ին կլինի մոտ 85մլն ամերիկյան դոլար: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի պատվիրակությունների հանդիպումը Շվեյցարիայում

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի պատվիրակությունների հանդիպումը Շվեյցարիայում

Շվեյցարիայից Պորոշենկոն մեկնել է Ֆրանսիա, որտեղ ապրիլի 22-ին ուկրաինական կողմը պայմանագիր է կնքել ֆրանսիական Thales Communication & Security SAS ընկերության հետ, որի համաձայն՝ ընկերությունը ռադիոկապի սարքավորումներ է տրամադրելու ուկրաինական բանակին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» պետական ռազմարդյունաբերական ընկերության կայքը:

Սարքավորումների վերաբերյալ պայմանագրից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է նաև, որ Պորոշենկոյի այցի ընթացքում ուկրաինական կողմը ֆրանսիական ընկերությունների հետ պայմանավորվել է քաղաքացիական H125 ուղղաթիռների գնման և ժամանակակից պարեկային ինքնաթիռի համատեղ նախագծման վերաբերյալ:

Ավելացնենք, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացել են բանակցություններ, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումից հետո ռազմական գործողությունները չեն դադարել և շարունակվում են մինչև օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *