Չնայած «Վճռական փոթորիկ» գործողության ավարտին՝ ավիահարվածները Եմենում շարունակվում են

Չնայած Սաուդյան Արաբիան ապրիլի 22-ին արաբական կոալիցիայի անունից հայտարարել է, որ դադարեցնում է «Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը Եմենում և այլևս օդային հարվածներ չի հասցնելու հութիների դիրքերին՝ ընդամենը ժամեր անց նոր մարտեր են սկսվել, ինչը ցույց է տալիս, թե որքան դժվար է լինելու այդ խնդրին քաղաքական լուծում տալը: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Հութիները գրավել են կառավարական ուժերին հավատարիմ կենտրոնական Թաիզ քաղաքի բանակային բրիգադը: Ծանր մարտեր են սկսվել, որից հետո Սաուդյան Արաբիան կրկին ավիահարվածներ է հասցրել բրիգադի գլխավոր շտաբերին:

Հութիներն ապրիլի 22-ին լուրջ բախում են ունեցել նաև երկրի հարավային Դալեա քաղաքի մոտակայքում (ապստամբների հարավային կենտրոններից է, հակամարտության ընթացքում բազմիցս ձեռքից ձեռք է անցել) Եմենի հարավի ուժերի հետ, ովքեր երկուշաբթի հայտարարել էին, թե եթե Սաուդյան Արաբիան հայտարարի, որ իրենք հասել են իրենց նպատակին և դադարեցնում են «Վճռական փոթորիկ» օպերացիան, ապա իրենք կշարունակեն միայնակ պայքարել հութիների դեմ: «Բախումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի հարավն ամբողջությամբ չի ազատագրվել հութիներից»,- նշված է հայտարարությունում:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան երեկ՝ մարտի 21-ին հայտարարել էր, որ իրենք ավարտել են Եմենում գրեթե մեկ ամիս շարունակվող «Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը, սակայն շարունակելու են ուշադրության տակ պահել ու վերահսկել իրանամետ շիա հութիների գործողությունները Եմենում:

Հիշեցնենք, որ փետրվարին իրանամետ հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Մարտի 24-ին Հադին ռազմական աջակցության խնդրանքով դիմել էր ՄԱԿ-ին: Սակայն չսպասելով ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշման՝ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ մարտի 26-ին ռազմական գործողություններ էին սկսել Եմենում։

Հատկանշական է, որ հութիների առաջխաղացումը արաբական կոալիցիան պայմանավորում է վերջիններիս տրամադրվող իրանական օժանդակությամբ: Արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին մարտի 29-ին հայտարարել է, թե հութիների շարքում կռվում է 25-30 հազար զինյալ: Վերջիններս օրական ստանում են 100 ամերիկյան դոլարի չափ գումար, որը ևս ֆինանսավորվում է Իրանից: Ասսերին նաև նշել է, թե երբ ֆինանսավորումը դադարեցվի, հութիներից շատերը կհրաժարվեն կռվել: Թեև թե´ հութիները, թե´ Իրանը հերքում են այս լուրերը, նշենք, որ իրանական իշխանություններին բազմիցս մեղադրել են Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար, քանի որ այս տարածաշրջանում վերջիններս ունեն իրենց ուրույն շահերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *