Վրաստանում հասունանում է նոր սկանդալ ներկայիս և նախկին պաշտպանության նախարարների միջև

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ 2014թ. հոկտեմբերին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ ներկայիս պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն փորձել է իրեն համոզել չստորագրել Վրաստանի «հակաօդային պաշտպանության համար որոշիչ նշանակություն ունեցող» հուշագիրը։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Այս մասին մարտի 24-ին հայտնում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Ալասանիան նման հայտարարություն է արել ուղիղ եթերում միանալով Բրյուսելից, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։

«Մարտի վերջին լրանում է այդ հուշագրի ժամկետը, որը ես ստորագրել եմ 2014թ. հոկտեմբերին և որը որոշիչ նշանակություն ունի մեր ՀՕՊ-ի և ընդհանրապես մեր անվտանգության համար։ Այս պահին ես տեղեկություններ ունեմ, որ Վրաստանի ՊՆ-ն վերսկսել է ֆրանսիական կողմի հետ բանակցոթյունները»:

Հեռուստատեսության լրագրողի այն հարցին, թե արդյոք հաստատում է, որ ժամանակին Մինդիա Ջանելիձեն զանգահարել է իրեն, Ալասանիան հաստատել և հավելել է, որ «Մինդիա Ջանելիձեն այն մարդը չէ, որ այսօր որոշումներ է կայացնում։ Այդ իսկ պատճառով հիմա էական նշանակություն չունի, թե ով միջնորդի դեր կկատարի»։

Հատկանշական է, որ մարտի 26-ին վերադառնալով Ֆրանսիա կատարած պաշտոնական հանդիպումներից պաշտպանության գործող նախարար Մինդիա Ջանելիձեն ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ալասանիայի ասածը՝ հայտարարելով միայն, որ նախկին նախարարը «անպատասխանատու հայտարարություն է արել»։

Բացի այդ, նույն օրը կառավարության նիստի ավարտից հետո, Ջանելիձեն հաստատել է, որ հեռախոսազանգ, այնուամենայնիվ, եղել է։ «Այդ հեռախոսազանգը նրա համար էր, որ հուշագրի ստորագրման համար անհրաժեշտ գործընթացները պահպանվեն։ Այսպես կոչված համաձայնագիրը, որ խոսակցությունների առարկա է դարձել, գոյություն չունի։ Իրականում խոսք է գնում մտադրությունների նամակի մասին»,- ասել է Ջանելիձեն։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերին Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով Ֆրանսիայում էր։ Հոկտեմբերի 27-ին ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Ալասանիա- Ժան-Իվ լը Դրիան հանդիպման մասին։ Հանդիպումից հետո Ալասանիան հայտնել էր, որ Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ քննարկել էր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, այդ թվում նաև՝ Ֆրանսիայի քայլերը ուղղված Վրաստանի պաշտպանունակությունը բարձրացնելուն։

Ալասանիան Ֆրանսիայում էր Համաշխարհային անվտանգության միջազգային 31-րդ սեմինարի մասնակցելու համար։ Ալասանիայի այցը Ֆրանսիա ավարտվում էր հոկտեմբերի 28-ի երեկոյան, որից հետո նախարարը պաշտոնական այցով մեկնելու էր Գերմանիա։ Սակայն հենց հոկտեմբերի 28-ին Վրաստանի ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի հինգ աշխատակից ձերբակալվել են մոտ 2,3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու մեղադրանքով: Հոկտեմբերի 30-ին դատարանի դռնփակ նիստում որոշվել է խափանման միջոց ընտրել կալանքը։ Ձերբակալությունները կապված են ՊՆ գաղտնի գնումների հետ:

Դատախազության տվյալներով ձերբակալվել են ՊՆ պետական գնումների հանձնաժողովի նախկին նախագահ Գիզո Գլոնտին, նույն հանձնաժողովի գլխավոր մասնագետ Արչիլ Ալավիձեն, ինչպես նաև ՊՆ պետական գնումների վարչության պետ Գեորգի Լոբժանիձեն։ ԳՇ համակարգից ձերբակալվել են ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի հանձնաժողովի նախագահ Նուգզար Կաիշաուրին, ԳՇ տեղեկատվական համակարգերի և կապի ծառայության պետ Դավիդ Ցիպուրիան։

Ըստ դատախազության՝ այս պաշտոնատար անձինք ամեն ինչ արել են, որ գաղտնի գնումներում մյուս ընկերությունները սխալ տեղեկություն ստանան և հաղթող ճանաչվի վրաստանյան Silknet ընկերությունը, ինչի շնորհիվ ՊՆ-ն 2013թ. դեկտեմբերի 26-ին Silknet-ի հետ օպտիկամանրաթելային մալուխների գնման, ցանցային սարքավորումների տեղադրման և երաշխիքային սպասարկման պայմանագիր է կնքել։

Պայմանագրի համաձայն՝ պաշտպանության նախարարությունն այդ ընկերությանը պիտի վճարեր 3,84 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ 2015թ. հունվարի 16-ին պաշտպանական գերատեսչությունը պիտի ստանար ընկերությունից պատվիրված ապրանքները, որոնց իրական գինն, ըստ դատախազության փորձագետների, կազմում է 1,49 մլն ամերիկյան դոլար։

Միջադեպի առնչությամբ Վրաստանի վարչապետն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, արտգործնախարարն ու եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիայի հարցերով նախարարներն էլ հրաժարական են տվել։

One response to “Վրաստանում հասունանում է նոր սկանդալ ներկայիս և նախկին պաշտպանության նախարարների միջև

  1. Pingback: Վրաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ից պահանջում է խոսքից անցնել հստակ քայլերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *