Վրաստանի ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալությունը կռվախնձոր է Գլխավոր դատախազության ու ՊՆ-ի համար

Օրեր առաջ Վրաստանի ՊՆ և ԳՇ համակարգից խոշոր չափի գումար յուրացնելու կասկածանքով ձերբակալել էին 5 աշխատակցի։ Վերջիններիս գործի առնչությամբ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիին նոյեմբերի 3-ին հարցաքննել են գլխավոր դատախազությունում։

Այս մասին հայտնում է վրաստանյան Գրուզիա օնլայն լրատվակայքը:

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիին

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսի Բատիաշվիլիին

Ըստ  որոշ լրատվամիջոցի՝ հարցաքննություն անցել է կոպիտ սխալներով, ու Բատիաշվիլին չի ստորագրել հարցաքննությունից հետո կազմված արձանագրությունը, քանի որ դրանում ամբողջությամբ չի արտացոլվել փոխնախարարի ցուցմունքը։ Բատիաշվիլիի փաստաբան Լևան Սամուշիան էլ փաստել է, որ եթե կարիք լինի, ապա փոխնախարարը պատրաստ է նորից ցուցմունք տալ։

Նշենք, որ Բատիաշվիլիի մասին վրաստանյան մամուլում շրջանառվում էր տեղեկություն, թե նա բարեկամական կապեր ունի Silknet ընկերության ֆինանսների տնօրենի հետ։

Սա այն ընկերությունն է, որի հետ Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2013 թվականին պայամանագիր էր կնքել, որով նախատեսվում էր գնել օպտիկամանրաթելային մալուխներ ու ցանցային սարքավորումներ՝ տեղադրման և երաշխիքային սպասարկման հետ միասին։

Հայտնի է, որ հենց Բատիաշվիլին է այս ընկերության հետ ստորագրել պայմանագիրը, որի շուրջ էլ ընթանում է ձերբակալությունների գործընթացը։

Ալեքսի Բատիաշվիլիին հաստատել է Silknet ընկերության ներկայացուցչի հետ բարեկամ լինելու տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ այն ժամանակ իրենք դեռ կապ չունեին։

Մինչև դատախազությունը հարցաքննում է գործի հետ առնչություն ունեցող անձանց, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ լիովին համոզված է ՊՆ աշխատակիցների անմեղությունում ու իր դիրքորոշումը ներկայացնելու է կառավարության՝ նոյեմբերի 6-ի նիստում։

Ալասանիայի հայտարարությունը կարծես թե դուր չի եկել Գլխավոր դատախազությանը, վերջինս հայտարարություն է տարածել՝ հորդորելով պաշտպանության նախարարությանը զերծ մնալ քաղաքական հայտարարություններից ու շահարկումներից։

Բացի այդ, Վրաստանի գլխավոր դատախազությունն անդրադարձել էր նաև հարուցված գործի գաղտնի փաստաթղթերին, որոնք կնքվել են հենց պաշտպանության նախարարությունում։ Վրաստանի ՊՆ-ն էլ նշել էր, որ մասնակիորեն գաղտնազերծում է այդ փաստաթղթերն ու խնդրում է Գլխավոր դատախազությանը իրենց փոխանցել կամ դրանց բնօրինակները, կամ պատճենահանված տարբերակը Վրաստանի ներքին գործերի նախարարության հակահետախուզության բաժին ներկայացնելու համար։

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ՆԳՆ հակահետախուզության բաժին Վրաստանի ՊՆ-ն դիմում էր ներկայացրել փաստաթուղթն ամբողջությամբ գաղտնազերծելու համար, սակայն հոկտեմբերի 31-ին մերժողական պատասխան էր ստացել փաստաթղթերի բացակայության պատճառով։

ՊՆ և ԳՇ աշխատակիցների ձերբակալության միջադեպի մասին մանրամասներն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *