Վրաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ից պահանջում է խոսքից անցնել հստակ քայլերի

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պաշտոնական այցով Բրյուսելում է։ Նա արդեն հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ, գեներալ Կնուդ Բարտլեսին։ Այս մասին հունիսի 1-ին հայտնում Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Խիդաշելին և Ստոլտենբերգը քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի իրականացման հարցերը։ Գլխավոր թեման եղել է Վարշավայում 2016թ. հուլիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։

«Վարշավայում կայանալիք գագաթաժողովը իմ բոլոր հանդիպումների գլխավոր թեման է լինելու։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունները տեղափոխվեն նոր փուլ»,—ասել է Խիդաշելին։

Հայտնի է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման հարցը։ Սրա վերաբերյալ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ևս մեկ անգամ նԱՏՕ-ին հիշեցրել են, որ սպասում են վերջանական պատասխանի՝ աշխատանքները սկսելու համար։ «Գլխավոր քարտուղարը խոստացել է, որ այս տարվա ընթացքում կայցելի Վրաստան, և հնարավոր է, որ ուսումնական կենտրոնի խորհրդանշական բացումն անենք հենց նրա այցելության ժամանակ»,—ասել է Խիդաշելին և հավելել, որ քանի դեռ հստակ օրերը պարզ չեն, սա դեռևս ենթադրություն է։

Նույն օրը Թինա Խիդաշելին Բրյուսելից տեսակապի միջոցով Վրաստանի հանրային հեռուստաընկերության «Մոամբե» հաղորդման ժամանակ դարձյալ անդրադարձել է համատեղ ուսումնական կենտրոնի թեմային՝ նշելով. «Վրաստանն արդեն որոշել է, թե որտեղ է կառուցվելու համատեղ ուսումնավարժական կենտրոնը, և հիմա սպասում ենք ՆԱՏՕ-ի պաշտոնական հաստատմանը։ Առաջին փուլը՝ տեղանքի ընտրություն, կենտրոնի սահմանների հարցն ու դրոշի տեղակայումը, նախատեսում ենք ավարտել այս տարվա ընթացքում՝ մինչև աշուն»։

Դեռևս 2015թ. փետրվարի 2-ին Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել էր, որ Վրաստանում կառուցվելիք ուսումնական կենտրոնի տեղակայման վայրը վերջնական որոշելու է հենց Վրաստանը։ «Այդ որոշումը ոչ թե ՆԱՏՕ-ն է կայացնելու, այլ Վրաստանը, քանի որ այդ տարածքն իրենն է։ ՆԱՏՕ-ի քարտուղարի տեղակալն արդեն մի տարածք ուսումնասիրել է, հաջորդ քայլով Վրաստան կժամանեն մասնագետներ, իսկ ահա վերջում որոշում կկայացնի Վրաստանը»։

Հաղորդավարի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն վարշավյան գագաթաժողովից, Խիդաշելին ասել է. «Վրաստանը պահանջում է, որ այն բոլոր դրական գնահատականները, խոսքերը, որ ՆԱՏՕ-ն հնչեցրել է Վրաստանի հասցեին, մասնավորապես միջազգային առաքելություններում ընդգրկված զինծառայողների մասին, ունենան համապատասխան արդյունք Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ Այսօրվանից մինչև 2016թ. հուլիսի 9-ը մենք աշխատելու ենք ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ) ստանալու ուղղությամբ: Դրանից հետո Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։ Սրա մասին գրված է Բուխարեստի հռչակագրում, բացի այդ, սրա մասին խոսվել է նաև Ուելսի գագաթաժողովում և դա այլընտրանք չունի»։

Գերատեսչության ղեկավարը հայտնել է նաև, որ մեկ շաբաթից մեկնելու է եվրոպական երկրներ, որտեղ մի շարք երկրների իր գործընկերների հետ երկկողմ հանդիպումներ կունենա, դրանից հետո կայցելի ԱՄՆ։

Թինաթին Խիդաշելին անդրադարձել է նաև Ֆրանսիայի հետ կնքվելիք պայմանագրին, նշելով, որ այն կկնքեն առաջիկայում։ Ենթադրվում է, որ Խիդաշելին նկատի է ունեցել հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման պայմանագիրը, որի մասին դեռևս 2014թ. նոյեմբերից խոսում է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան։ Հիշեցնենք նաև, որ այս թեման վերջին շրջանում, երբ պաշտպանության նախարար էր Մինդիա Ջանելիձեն, վերաճել էր այն ժամանակ ներկա և նախկին նախարարների միջև քաղաքական մեծ սկանդալի։

Թինաթին Խիդաշելին զրույցի ժամանակ հայտարարել է նաև, որ ցանկանում են, որ ՆԱՏՕ-ն Վրաստանին այնպիսի երկիր համարի, ինչպիսին են անդամ երկրները։

«Մեր դեպքում նրանք (նկատի ունի ՆԱՏՕ-ն – Ռազմինֆո) իրենք են ասում, որ Վրաստանն անում է շատ ավելին, քան ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր»,— մասնավորեցրել է պաշտպանության նախարարը։

Հատկանշական է այն, որ այսքան հայտարարությունների թվում սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը խոսում է ինչ-որ բան պահանջողի դիրքերից։ Խիդաշելիի այս հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Վրաստանն ինքն էլ որոշակի հստակություն է ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ի քայլերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *