Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. երկու օդաչուները զոհվել են

Մարտի 5-ի առավոտյան՝ ուսումնական թռիչք կատարելիս, վթարվել է Թուրքիայի ՌՕՈւ 112-րդ էսկադրիլիայի F-4E 2020 կործանիչներից մեկը, անձնակազմի երկու օդաչուները մահացել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

Թուրքիայի ՌՕՈւ F-4E 2020 ինքնաթիռի վթարի վայրը՝ Քոնիայի զորավարժարանի տարածքում

Վթարի պատճառներն առայժմ չեն հրապարակվում։ Թուրքական զինուժի ռազմական ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչք է կատարել՝ դուրս գալով Թուրքիայի արևմտյան Էսքիշեհիր ռազմաբազայից ու ուղևորվելով դեպի հարավ: Ինքնաթիռը վթարվել է Քոնիայի կրակային զորավարժարանի օդային տարածքում: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն։

Կարելի է նաև ենթադրել, որ վթարի ենթարկված ինքնաթիռը մասնակցում էր թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը, քանի-որ նման տիպի ինքնաթիռների մասնակցության մասին Թուրքիան հայտնել է, իսկ, բացի այդ, վթարը եղել է նույն զորավարժարանում, որտեղ, համաձայն տրամադրված տվյալների, անցկացվում է զորավարժությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական հատվածի Քոնյա քաղաքի մեձրակայքում գտնվող ռազմաօդային զորավարժարանում 2015-ի մարտի 2-ին մեկնարկել էր թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը տևելու է մինչև ապրիլի 2-ը։

Թուրքիայի ԶՈւ կազմում զորավարժությանը մասնակցում են F-16, F-4E 2020 կործանիչներ, E-7T (HİK) ինքնաթիռներ, ֆրանսիական AS-532 բազմանպատակային և ամերիկյան UH-1H հարվածային ուղղաթիռներ։

Նշենք, որ F-4E 2020 կործանիչը ամերիկյան McDonnell Douglas արտադրած F-4 Phantom II կործանիչի՝ Իսրայելի կողմից Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի համար մոդիֆիկացված երկտեղանի ինքնաթիռ է, որը հայտնի է նաև F4 Տերմինատոր ոչ պաշտոնական անվանումով։

Հիշեցնենք, որ 2015-ի փետրվարի 24-ին Մալաթիայի Աքչադաղ գավառի Էքինջիլեր գյուղի մոտակայքում վթարի էր ենթարկվել RF-4E մակնիշի 2 ինքնաթիռ, ինչի հետևանքով բոլոր 4 օդաչուները մահացել էին։

Ավելացնենք, «Հյուրիեթ» պարբերականի համաձայն, վերջին 35 տարվա ընթացքում գրանցվել է F-4E 2020 կործանիչի 13 վթար, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ 12 օդաչու։

2 responses to “Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է վթարվել. երկու օդաչուները զոհվել են

  1. Pingback: Թուրքիայում F-4 ռազմական ինքնաթիռների կործանման համար մեղադրում են Իսրայելին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *