Ադրբեջանում պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով վեց անձ է ձերբակալվել

Մարտի 4-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում Ադրբեջանի 6 քաղաքացի է ձերբակալել, որոնք մեղադրվում են ահաբեկչություն ծրագրելու և այլ ծանր հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ազգային անվտանգության կայքը։

Ձերբակալված քաղաքացիների տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 4 միավոր «Մակարով» տիպի ատրճանակ, 1 միավոր ՏՏ տիպի ատրճանակ, ատրճանակի 5 պահետատուփ, 35 փամփուշտ, մոտ 1 կգ տրոտիլ պայթուցիկ նյութ և 2 միավոր ՌԳԴ-5 ինքնաշեն նռնակ։

Ձերբակալված քաղաքացիներն են՝ Խալիլով Նիյամեդդին Իլթիֆաթ օղլուն, Բայիմով Ռուֆիս Ահմեդ օղլուն, Հաշիմլի Ռեշադ Շյովքեթ օղլուն, Մուսաև Իլգար Ֆիքրեթ օղլուն, Ռզաև Անար Ռզա օղլուն և Աբդուլլաև Ջեյհուն Ֆազիլ օղլուն։

Գործողության արդյունքում Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցները պարզել են, որ ձերբակալված անձինք մի շարք այլ անձանց հետ 2014-ին ստեղծել են խմբավորում, որի նպատակն Ադրբեջանում շարիաթի վրա հիմնված պետություն հիմնելն է։ Իրենք էլ իրենց հռչակել են այդ պետության «էմիրներ»:

Նշվում է, որ խմբավորումը ցանկանում էր թալանել հարուստ մարդկանց՝ նրանց համարելով «գյավուրներ» (անհավատ): Հարուստներից գողացած փողով խմբավորման անդամները ծրագրել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանում, հարձակումներ գործել երկրի իրավապահ մարմինների վրա։

Այդ նպատակով Ադրբեջանի «էմիրները» ձեռք են բերել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Ձեռք բերած զենքերով նրանք թալանել են մի ամառանոց Մարդաքան ավանում, իսկ 2014-ի նոյեմբերին՝ մտել են Գաբալայի շրջանի «Soyuq bulaq»(սառը գարուն) ռեստորանի տիրոջ տուն ու սպանել նրան։

2015-ի փետրվարին խմբավորման անդամները «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են գողացել Սումգայիթում և այդ մեքենայով գողություն կատարելու մտադրությամբ ուղևորվել են Գեյչայ, սակայն ծրագիրը տապալվել է, և նրանք թողել են մեքենան ու փախել Բաքու։

Ներկայում Ադրբեջանում անցկացվում է հետաքննություն՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և վնասազերծելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *