Ադրբեջանն ու Իրանը քննարկում են սահմանային անցակետերի խնդիրը

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսին Փաքային հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկելու են սահմանային մաքսային երկու հսկիչ անցակետերի աշխատանքը 24-ժամյա դարձնելու հարցը։

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Բիլյասուվարի հսկիչ անցակետը 24-ժամ գործարկելու շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռևս օգոստոսին միջկառավարական հանձնաժողովների նիստի շրջանակներում։ Այդ ժամանակ արդեն նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Դեսպանի խոսքերով՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջան է ժամանելու իրանական պատվիրակությունը՝ Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մահսուդ Քարբասիանի գլխավորությամբ, որը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Այդըն Ալիևի, էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևի, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովի  ու Ադրբեջանի այլ պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի սահմանին գործում են 4 սահմանային հսկիչ անցակետեր՝ Բիլյասուվարին, Շահթախթը-Փոլդեշթ, Աստարայինը և Ջուղայինը։ Ադրբեջանական կողմի վկայությամբ՝ կողմերը համաձայնության են եկել ևս մեկ անցակետի բացման շուրջ, որը հավանաբար լինելու է Ասլանդյուզ-Հորադիզի հատվածում։

Նկատենք, որ Իրանը միակողմանի կասեցրել էր վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար 2010-ի փետրվարից ի վեր։ Դեսպանը շեշտել է, որ միջկառավարական հանձնաժողովների նիստի ընթացքում կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել վիզային ռեժիմի պարզեցման շուրջ, ինչը ենթադրում է՝ Իրանի քաղաքացիները կարող են 30-օրյա վիզա ձեռք բերել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածք մուտք գործելու համար, այն արժենալու է մոտ 38 ԱՄՆ դոլար, վիզան ձևակերպելու են ոչ թե Ադրբեջանի տարածքում, այլ Նախիջևանի միջազգային օդանավակայանում, ինչպես և Սադարաքի, Ջուղայի ու Շահթահթըի անցակետերում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն էին ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։

Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Արդյունքում Իրանը մի քանի օրով փակել էր Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող 2 անցակետեր։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ musavat.com-ը, ներկայացրել եին միջադեպի իրանական վարկածը։
Նկատենք, որ Իրանի հետ սրված հարաբերությունների համատեքստում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ներկայացնում էին «ադրբեջանցի վիրավոր տրակտորավարի» ու վերջինիս հարազատների պատմությունները, ինչն ավելի էր սրում Իրանի դեմ տրամադրությունները։

Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *