Սինգապուրը ծածուկ կերպով մեծացրել է կործանիչների ավիապարկը

Սինգապուրին վերջին տարիներին հաջողվել է զգալիորեն ավելացնել ռազմաօդային ուժերի ավիապարկում առկա կործանիչների թվը, ընդ որում, անել դա առանց հայտարարագրերում նշելու։ F-15SG կործանիչների իրական թիվը հայտնի է դարձել դրանք արտադրող Բոինգ ընկերության ֆինանսական հաշվետվությունների, ԱՄՆ Կոնգրեսի զեկույցների և տարբեր լուսանկարներում երևացող ինքնաթիռների կողային համարները համադրելու արդյունքում։ Այս մասին հայտնում է «Jane’s» ռազմական հանդեսը։

F-15SG կործանիչ. Սինգապուրի ՌՕՈւ

F-15SG կործանիչ. Սինգապուրի ՌՕՈւ

Հարկ է նշել, որ Սինգապուրի ավիապարկի մի մասի մշտական տեղակայման վայրը Միացյալ Նահանգներում է՝ կործանիչների 149-րդ էսկադրիլիայի կազմում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Սինգապուրը 2005-ի դեկտեմբերին գնել էր 12 միավոր F-15SG կործանիչ, իսկ 2007-ի հոկտեմբերին՝ նույն քանակությամբ ևս մեկ խմբաքանակ։ Դրանք գրանցելու համար Սինգապուրին հատկացվել էին 05-0001-ից 05-0024 սերիական համարները, սակայն 2014-ի հունվարին ԱՄՆ-ում նկատվել էին F-15SG կործանիչներ՝ 05-0025, 05-0028, 05-0030, 05-0031 և 05-0032 կողային համարներով։

Իր հերթին, այս ինքնաթիռներն արտադրող Բոինգ ընկերությունը ներկայացրել է Սինգապուրին պատկանող «SG» կոդի կործանիչներ գրանցելու համար ևս 8 կողային համար ստանալու հայտ, ինչից էլ ակնհայտ է դարձել, որ այդ երկիրը համալրում է իր ավիապարկը՝ առանց բարձրաձայնելու այդ մասին։

Երկրի պաշտպանության նախարարությունից ստույգ պատասխան այս հարցադրմանը չեն տվել՝ նշելով միայն, որ Սինգապուրի օդուժը համալրվել է այնքան ինքնաթիռով, որքան հարկավոր է իր առևջ դրված խնդիրները կատարելու համար։

F-15SG-ն F-15 կործանիչի մոդիֆիակցիան է՝ նախագծված հատուկ Սինգապուրի համար։ Այն կարող է զարգացնել մինչև 2 665 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստասղը 20 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն մեկ հրանոթ և ամրակցման 11 կետ՝ լազերային նշանառման հրթիռների ու ռումբերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *