Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 10-ին այցելել է Անկարայում Աթաթուրքի անվան բժշկական կլինիկա, որտեղ բուժում են անցնում 2014-ի օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի արցախյան հատվածում հրազենային վնասվածք ստացած զինծառայողներ Էլվին Ասքերովը և Սարխան Թաիրզադեն։
Դավութօղլուն ադրբեջանական բանակի զինծառայողներին շուտափույթ ապաքինում է մաղթել, այնուհետև դրա մասին հայտնող գրառում արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանը վերջին տարիներին բազմիցս հայտարարում է ռազմաբժշկության ոլորտում իր ներուժի մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Այսպես, 2013-ի հունիսի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցեց զինվորական գլխավոր կլինիկական հոսպիտալի երկրորդ մասնաշենքի բացման արարողությանը։ Նշվում էր, որ դրա շնորհիվ հոսպիտալը կարող է ընդունել հավելյալ 560 հիվանդ, իսկ նորագույն բժշկական սարքավորումներով օժտված վիրահատարանները հնարավորություն են տալիս անցկացնել ցանկացած բարդության վիրահատություն և հետևաբար նաև ապահովել հետվիրահատական խնամք։
Գործնականում, սակայն պատկերն այլ է, ինչի մասին վկայում է առաջնագծում վիրավորված միանգամից 2 զինծառայողի տեղափոխումը Թուրքիայի բուժհաստատություններ։ Ադրբեջանում, հավանաբար, ապահովել պատշաճ մակարդակի բուժօգնություն հնարավոր չի եղել։
Կարդացեք նաև՝ «Բլիցկրիգի» մասին խոսող Ադրբեջանը հոսպիտալի նոր մասնաշենք է բացում, շարժական հոսպիտալներ գնում
Pingback: Թուրքիայում է Ադրբեջանի ՊՆ բժշկական գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը | Ռազմ.info