Ադրբեջանի պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչության մի քանի սպաներ, վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի գլխավորությամբ, այցելել են Անկարայում տեղակայված Գյուլհանե ռազմաբժշկական ակադեմիա: Այս մասին տեղեկացնող հաղորդագրությունն Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին։
Երկկողմ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ավելացնել բուժման նպատակով Ադրբեջանից Թուրքիա ուղարկվող այն զինծառայողների քանակը, որոնք ունեն վերականգնման ու պրոթեզավորման կարիք։ Բացի այդ, Գյուլհանեի ռազմաբժշկական ուսումնարանում վերապատրաստում ստանալու նպատակով այսուհետ կմեկնեն ավելի մեծ թվով քաղաքացիական և ռազմական բժիշկներ, բուժակներ և բուժքույրեր։
Հիշեցնենք, որ բուժման և ապաքինման նպատակով 2014-ի օգոստոսին Թուրքիա էին փոխադրել նաև ադրբեջանցի մի շարք զինծառայողների, ովքեր ծանր վիրավորվել էին նույն ամսին առաջնագծում գրանցված լարվածության ժամանակ։ Նրանց բուժում էին Անկարայում՝ Աթաթուրքի անվան բժշկական կլինիկայում։