Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի մայոր, 1974-ին ծնված Ռաշիդ Նաբի օղլու Մամեդովը մահացել է քաղցկեղից։ Մինչ իր մահը մայորն օգնության խնդրանքով դիմել էր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Modern.az կայքը, մայորը մահացել է Գյոյգոլ քաղաքի իր վարձու բնակարանում, որտեղ բնակվում էր կնոջ ու երեխայի հետ։ Ֆինանսական սուղ միջոցների հետևանքով չի հաջողվել հուղարկավորության արարողությունը կազմակերպել շրջկենտրոնում, նրան հողին են հանձնել Աբլախ գյուղում։
Նկատենք, որ ըստ աղբյուրի՝ մայորն իր ռազմական գործունեության 80 տոկոսն անցկացրել է առաջնագծում, շուրջ 20 տարի նվիրել է ադրբեջանական բանակին։ Նրա մայրը որդու մահվանից որոշ ժամանակ առաջ նամակով դիմել է լրատվամիջոցներին՝ հաղորդելով, որ իր որդու առողջական վիճակը վատթարացել էր 2013-ի սեպտեմբերին։ Ապա նա բուժզննում է անցել Բաքվի հոսպիտալում, որտեղ էլ քաղցկեղ են ախտորոշել։ Հոսպիտալում բուժում անցնելու հետո ՊՆ-ն ուղարկել է նրան Թուրքիայի Գյուլհանե հոսպիտալ, որտեղից սակայն 2 ամիս անց հետ են կանչել՝ բացատրելով, թե բուժման ծախսերը պետությունը չի կարող հոգալ։ Մոր խոսքերով՝ որդին մահացել է «պետության կողմից արհամարհական վերաբերմունքի պատճառով»։
Նշենք, որ ադրբեջանական բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինուժը 2014-ի օգոստոսին ունի արդեն 19 զոհ։
Pingback: Ադրբեջանում 40-ամյա մայոր է մահացել բուժման գումար չունենալու պատճառով Razm.info | Armday
Pingback: Ադրբեջանը չի հոգում հայկական գնդակից վիրավորված իր դիվերսանտի բուժման ծախսերը | Ռազմ.info