Անկարայում 2014-ի օգոստոսի 1-ին ուշագրավ հայտարարությամբ է հադնես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը՝ խոսելով ընթացիկ տարում ռազմական արդյունաբերության թուրքական արտադրանքի արտահանման ծավալների մասին։ Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Յըլմազը նշել է, որ 2015-ին նախատեսվում է արտահանել շուրջ 1.6 միլիարդ ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական արտադրանք, ինչը 200 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ներկայումս թուրքական ռազմական արտադրանքն արտահանվում է հիմնականում թյուրքական հանրապետություններ (Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան և այլն), ինչպես նաև Միացյալ Նահանգներ։ Վերջին տարիներին երկիրն ակտիվ աշխատանքներ է տանում Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի շուկաներում դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
Նշենք, որ Թուրքիան ունի նաև ռազմական առևտրի ներկայացուցչությունների բավական ընդլայնված ցանց։ Նման հաստատություններ գործում են Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Սաուդյան Արաբիայում և Ղազախստանում։ Առաջիկայում ներկայացուցչությունների ցանցը նախատեսվում է ընդլայնել նաև աֆրիկյան մայրցամաքում և Հարավային Ամերիկայում։
Տեղին է հիշեցնել, որ 2014-ի հունիսին հրապարակված ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում էր՝ 2013-ին Թուրքիան Ադրբեջանին է վաճառել 3 միավոր 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) և նույն տրամաչափի հրետանային 1000 արկ։ Պետք է նշել նաև, որ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրն ամբողջությամբ չի արտացոլում տարբեր երկրների, այդ թվում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տեղ գտած սպառազինության առևտրի ողջ ծավալը։