ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2013-ին արտահանած սպառազինության իր հաշվետվությունն է ներկայացրել նաև Թուրքիան։ Դրանում ի թիվ այլ երկրների, տեղ է գտել նաև Ադրբեջանը, որին Թուրքիան վաճառել է 3 միավոր 122 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ) և նույն տրամաչափի հրետանային 1000 արկ։
Թեպետ հաշվետվությունում արտահանված սպառազինության ստույգ տեսակը նշված չէ, այդուհանդերձ, դատելով տրամաչափից, կարող ենք ենթադրել, որ խոսքը թուրքական Roketsan (Ռոքեթսան) ընկերության արտադրած Սակարյա ՀԿՌՀ-ի մասին է։
1997-ից թուրքական բանակում շահագործվող 5 հոգանոց անձնակազմ ունեցող Սակարյա ՀԿՌՀ-ն ունի մինչև 40 կմ հեռահարություն։ Թուրքիան այդ համակարգը, Ադրբեջանից բացի, արտահանում է նաև Սաուդյան Արաբիա։
Նշենք, որ տարբեր երկրների արտահանած կամ գնած սպառազինությունը ոչ միշտ է ամբողջական ծավալով տեղ գտնում ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, ուստի պարտադիր չէ, որ Ադրբեջանին 2013-ին մատակարարված թուրքական սպառազինության ցանկը եզրափակվի այսքանով։
Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսի 10-ին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում իր հաշվետվությունը ներկայացրեց նաև Ռուսաստանը, որից հայտնի դարձավ, որ 2013-ին այդ երկիրն Ադրբեջանին է վաճառել 10 տանկ, 10 միավոր զրահամեքենա, 438 միավոր խոշոր տրամաչափի հրետանի և 25 ուղղաթիռ:
Pingback: 2015-ին Թուրքիան նախատեսում է արտահանել շուրջ 1.6 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք | Ռազմ.info