Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակը Փաշազադեին՝ կապված առաջնագծում լարվածության հետ

Օգոստոսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել «Կովկասի մուսուլմանների վարչության» նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Նամակում մասնավորապես ասվում է.

«Սահմանամերձ բնակավայրերի անդադար գնդակոծությունը ադրբեջանական կողմից, դիվերսիոն գործողությունները, հրադադարի ռեժիմի խախտման տևական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի փխրուն, բայց թանկ ձեռքբերված խաղաղության համար:
Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են:
Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Հավատարիմ մնալով Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությամբ անցկացվող տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների խաղաղարար ոգուն` Մենք դիմում ենք Ձեզ` որպես Ադրբեջանի հոգևոր առաջնորդի, ջանքեր գործադրելու, որպեսզի Ձեր երկրի իշխանությունները, պահելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, պահպանեն հրադադարի ռեժիմը և իրենց գործունեությամբ չխափանեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *