Իսրայելը համաձայնել է դադարեցնել գործողությունները Գազայի հատվածում

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ համաձայն է դադարեցնել մարտական գործողությունները Գազայի հատվածում։ Առաջարկը նախաձեռեկ է Եգիպտոսը։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Եգիպտոսի առաջարկը ենթադրում է, որ թե´ Իսրայելը, թե´ Գազայի հատվածի պաղեստինցիները դադարեցնում են միմյանց հրթիռակոծել ցամաքով, օդով ու ծովով։

Բացի այդ, Իսրայելը պետք է անհապաղ հրաժարվի Գազայի հատված մուտք գործելուց և ցամաքային գործողություններից, իսկ պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները՝ Իսրայելի դեմ ռազմական բնույթի ցանկացած գործողությունից։

Եվրամիությունն իր հերթին կոչ է արել կողմերին «կասեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, ցուցաբերել առավելագույն զսպվածություն»։

Չնայած որ իսրայելցիները համաձայնել են դիտարկել Եգիպտոսի առաջաջարկը, պաղեստինյան կողմը, մասնավորապես ՀԱՄԱՍ-ը, հայտարարել է՝ հրաժարվելու են որևէ համաձայնագիր ստորագրել այնքան ժամանակ, մինչ «հաշվի չառնվեն պաղեստինյան ժողովրդի շահերը»։ ՀԱՄԱՍ-ը չի մանրամասնել իր պահանջը։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հուլիսի 13-ին առաջին ցամաքային գործողությունն էին իրականացրել Գազայի հատվածում։ Դրա հետևանքով Իսրայելի զինծառայողները հրաձգություն էին սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների դեմ, ինչի պատճառով էլ առնվազն 4 իսրայելցի զինծառայող վիրավորվել է։ Սպանված պաղեստինցիների թիվն ընդհանուր առմամբ 156 է։

Իսրայելի վերոհիշյալ գործողության առնչությամբ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը դիմել էր ՄԱԿ-ին՝ Պաղեստինի տարածքում «միջազգային պաշտպանություն հաստատելու» հայցով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նրա նամակում մասնավորապես ասված է՝ հայցում են անհապաղ կերպով կազմավորել հատուկ հանձնաժողով Գազայի հատվածում սրված իրավիճակին լուծում տալու նպատակով։

Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնք արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

Նշենք, որ իսրայելցի պատանիների սպանությունը դատապարտել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը՝ այն որակելով «Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունների սրմանն ուղղված սադրանք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *