Իսրայելը հայտարարել է պաղեստինյան կողմին պատկանող անօդաչուի ոչնչացման մասին

Հուլիսի 14-ին՝ նախքան Իսրայելի՝ Գազայի հատվածում կրակը դադարեցնելու առաջարկին համաձայնելը, իսրայելական կողմին հաջողվել է չեզոքացնել պաղեստինցիներին պատկանող անօդաչու թռչող սարք՝ գործարկելով սեփական հակաօդային պաշտպանության համակարգը։

Պաղեստինյան հեռուստաընկերության տեսագրությունից մի կադր, որտեղ ներկայացվում է ՀԱՄԱՍ-ի կիրառած ԱԹՍ-ներից մեկը

Պաղեստինյան հեռուստաընկերության տեսագրությունից մի կադր, որտեղ ներկայացվում է ՀԱՄԱՍ-ի կիրառած ԱԹՍ-ներից մեկը

Այս մասին տեղեկացնում է ամերիկյան NBC News լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներին։ ԱԹՍ-ն ոչնչացվել է Թել-Ավիվից 30 կմ հեռավորության վրա տեղակայված Աշդոդ քաղաքի մերձակայքում Patriot հրթիռի արձակմամբ։ Ներկայումս իսրայելցի զինվորականները, ըստ աղբյուրի, փնտրում են ԱԹՍ-ի մնացորդները։ Պաղեստինյան կողմը տեղեկությանը չի արձագանքել։

Շեշտվում է, որ պաղեստինցիներն առաջին անգամ են Իսրայելի դեմ մարտական գործողությունների ժամանակ ԱԹՍ կիրառում։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ համաձայն «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսի՝ ՀԱՄԱՍ-ը երեկ՝ հուլիսի 14-ին, հայտարարել էր սեփական նախագծով ու սեփական ներուժով ստեղծված անօդաչու թռչող սարքի մասին, որը կրում է Ababil 1 անունը։ Ընդ որում, ՀԱՄԱՍ-ի փոխանցմամբ՝ անօդաչուն ունի 3 տարբերակ. A1A` հետախուզական գործողությունների, A1B` հարձակողական գործողությունների, A1C` մարտական գործողություններում կիրառելու համար։ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները նաև ընդգծել էին՝ իրենց ռազմական թևն ունի մի քանի նման անօդաչուներ, որոնք ունակ են «Իսրայելի տարածքում հատուկ առաքելություն կատարել»։

Նկատենք, որ վերջին շրջանում Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի հարաբերությունները սրվել էին։ Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները հուլիսի 13-ին առաջին ցամաքային գործողությունն են իրականացրել Գազայի հատվածում։ Դրա հետևանքով Իսրայելի զինծառայողները հրաձգություն են սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների դեմ, ինչի պատճառով էլ առնվազն 4 իսրայելցի զինծառայող վիրավորվել է։ Սպանված պաղեստինցիների թիվն ընդհանուր առմամբ 156 է։ Այսօր՝ հուլիսի 15-ին, Իսրայելը համաձայնել է դադարեցնել մարտական գործողությունները Գազայի հատվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *