Կամբոջան կորցրել է վերջերս ստացած չինական ուղղաթիռներից մեկը. կան զոհեր

Հուլիսի 14-ին Կամբոջայում չինական արտադրության Harbon Z-9 (Հարբոն Z-9) ուղղաթիռի վայր ընկնելու հետևանքով գեներալներ են զոհվել։ Ուղղաթիռն ընկել է Կամբոջայի Փնոմ Փենը շրջանի բրնձի դաշտերից մեկում։

Վթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, ինչպես նաև ուղղաթիռով թռչող կամբոջական բանակի 1 գեներալ-մայոր և 1 բրիգադի գեներալ։

Ուղղաթիռն ուսումնական թռիչք էր կատարում, տեղեկացնում է AP լրատվական գործակալությունը։ Վթարի պատճառները ճշտվում են։

Վթարված Z-9-ը

Վթարված Z-9-ը

Նշենք, որ Կամբոջան 2013 թվականին է ստացել չինական 12 միավոր Z-9 ուղղաթիռները, որոնք էլ շահագործում են երկրի զինված ուժերը։ Ուղղաթիռների համար կամբոջական կողմը 195 մլն ամերիկյան դոլարի վարկ է ստացել Չինաստանից։

Առաջին երկու ուղղաթիռները Կամբոջայի ռազմաօդային ուժերին են հանձնվել 2013-ի հուլիսի 19-ին։

Կամբոջային փոխանցված Z-9 ուղղաթիռները տարբեր նշանակության են։ Դրանցից 2-ը նախատեսված է բարձրաստիճան զինվորականների տեղափոխության, 6 միավոր Z-9B-ն նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխության համար, իսկ 4 միավոր Z-9W-ը սպառազինություն կրող տարբերակն է։

Հավելենք, որ Z-9-ը ստեղծվել է չինական Harbin ընկերության կողմից՝ Eurocopter AS365 Dauphin ուղղաթիռի արտոնագրի հիման վրա։ Ուղղաթիռների արտադրությունը սկսվել է 1981 թվականին։

Z-9B ուղղաթիռները կարող են տեղափոխել մինչև 9 մարդ կամ 2 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 305 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել շուրջ 1000 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *