Ռուսաստանում հաջողությամբ արձակվել է Անգարա արբանյակակիր հրթիռը (վիդեո)

Ռուսաստանում 2014-ի հուլիսի 9-ին երկու անգամ հետաձգվելուց հետո կայացել է Անգարա-1.2ՊՊ արբանյակակիր հրթիռի հաջող արձակումը։ Այն նախատեսվում է օգտագործել հիմնականում ռազմական նշանակության արբանյակներն ուղեծիր դուրսբերելու համար։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

Անգարա հրթիռի արձակումը

Անգարա հրթիռի արձակումը

Արձակումից 21 րոպե անց՝ անցնելով 5 700 կմ, հրթիռի անջատված մասն ընկել է նախանշված վայրում՝ Կամչատկայի Կուրա փորձադաշտում, ուր և հասցրել է պայմանական արբանյակը։ Հաջող արձակման մասին՝ որպես ռազմավարական նշանակության իրադարձություն, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հարկ է նշել, որ Անգարա (ռուս.՝ Ангара) արբանյակակիրի արձակումը նախանշված էր դեռևս 2014-ի հունիսի 27-ին, սակայն հետաձգվել է մեկ օրով՝ պայմանավորված համակարգերի լրացուցիչ ստուգման անհրաժեշտությամբ։ Հաջորդ օրը, սակայն, արձակումից 19 վայրկյան առաջ, անվտանգության ավտոմատ համակարգը կանխել է արձակումը՝ հայտնաբերելով տեխնիկական թերություն։

Կարևոր է նաև այն, որ Անգարայի արձակումն իրականացրել են ոչ թե Ռուսաստանի տիեզերական նախագծերի վրա աշխատող մասնագետներն, այլ ԶՈւ օդատիեզերական պաշտպանության զորքերը՝ զորատեսակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոյի անմիջական ղեկավարությամբ։

Հավելենք՝ Անգարայի գլխավոր առավելություններից մեկը արբանյակների դուրսբերումն է ուղեծիր՝ մթնոլորտային օդի նվազագույն աղտոտումով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *