Ռուսաստանում մեկնարկել է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի 5 նավատորմերի առափնյա զորքերի միջև անցկացվող «Ռազմածովային դերբի» մրցույթը, որի ընթացքում առափնյա զորքերի 17 անձնակազմեր մրցելու են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների վարման մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Բալթիկ ծովի ափին անցկացվող մրցույթի մեկնարկային օրը ՌԴ ԶՈՒ ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի զինծառայողներն իրենց ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով «ծովային վալս» են ցուցադրել՝ ջրում կատարել են բարդ ու ներդաշնակ վարժություններ: Լողալու ընթացքում զրահափոխադրիչների լյուկերը փակված են եղել, ինչպես կլիներ մարտական պայմաններում: Սա մեծ կենտրոնացում է պահանջել մեքենաների վարորդներից՝ միմյանց չհարվածելու համար:
«Ռազմածովային դերբիին» բացի Բալթյան ծովի նավատորմից, մասնակցելու են նաև ՌԴ ԶՈւ Հյուսիսային, Խաղաղօվկիանոսյան, Սևծովյան նավատորմերի ու Կասպյան նավատորմիղի շուրջ 50 զինծառայողներ:
Նշենք, որ «ռազմածովային դերբիի» ժամանակ ռուսաստանյան զինված ուժերի նավատորմերի զինծառայողնմերը մրցելու են հենց զրահափոխադրիչների վարման մեջ: ՌԴ զինված ուժերի տանկային բիաթլոնի նմանությամբ «Ռազմածովային դերբին» նույնպես առաջին անգամ անցկացվել է 2013-ին:
Ծովային հետևակի համար նախատեսված այս մրցույթում նույնպես անձնակազմերն իրենց մեքենաներով հաղթահարելու են արգելագոտիներ, մրցեն արագ վարման ու զրահափոխադրիչների սպառազինությունով դիպուկ կրակելու մեջ: «Ռազմածովային դերբին» կավարտվի հուլիսի 11-ին, ու պարզ կդառնա, թե Ռուսաստանի 5 նավատորմերից որի անձնակազմն է արժանանալու լավագույնի տիտղոսին: