Նրանք կռվել են՝ ապրելու համար. Ռազմինֆոն այցելել է դիվերսիան հետ մղած զինծառայողներին (ֆոտո)

Բայց դա ցավոտ չի՞։ Մի կաթեցրու էլի… Բուժքրոջ հետ «կռիվ է տալիս» Տարոնը։ Այն տղաներից մեկը, ով ընդամենը մի քանի օր առաջ չվախեցավ ու հակառակորդի դիվերսիան հետ մղեց իր զինծառայակիցների հետ։

Գևորգ Կարապետյան

Գևորգ Կարապետյան

—Տարո´ն, վախենում եք աչքին դեղ կաթեցնելու՞ց։

—Վայ, ավելի լավ է մի քանի փամփուշտ ուսս մտնի, քան էս անտեր դեղերը կաթեցնեն։ Մեկ էլ վախենում եմ սրսկելուց։ (Ծիծաղում է)
Ծիծաղում ենք ու սկսում ծանոթությունը։

Պատուհանի մոտ պառկած է ավագ սերժանտ Աշոտ Գրիգորյանը, ով մայիսի 26-ին հակառակորդի դիպուկահարից է վիրավորվել։ Մյուսը Գևորգն է Կարապետյան, ով մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը դիվերսիան հետ մղելիս վիրավորված 4 տղաներից մեկն է, իսկ Գևորգի կողքը Տարոնիկ Ղուկասյանն է։

Գևորգը միանգամից ասում է՝ եկեք դրա մասին չխոսենք, չենք ուզում հիշել, եղածը եղած է։

Տղաները Հայաստանի տարբեր հատվածներից են։ Աշոտին զորացրվելու համար ընդամենը 40 օր է մնացել։

«Երևի էլ զորամաս չգնամ ծառայության, միանգամից զորացրվեմ»,- ասում է Աշոտը։

Գևորգը դեռ 18 ամիս է ծառայել, Տարոնն էլ կիսել է ծառայության 2 տարին։ Բուժումն ավարտելուց հետո, եթե նրանց թույլատրեն շարունակել զինծառայությունը, ապա էլի կգնան, եթե չէ, ապա կշարունակեն ուսումը կամ աշխատանք կփնտրեն։

«Պատկերացնո՞ւմ եք, եթե Գևորգը դարձյալ դիրքեր գնա ինչպիսի ուժ ու ոգևորություն կունենան իր հետ դիրքում կանգնած տղաները։ Նա արդեն մեծ փորձություն է անցել  ու դա շատ կարևոր է»,- ասում է Աշոտն ընկերոջ մասին։

Գևորգը համեստ է, զինծառայողին վայել ձգվածությամբ ու քչախոսությամբ է աչքի ընկնում, կողքից Աշոտն ու Տարոնն են օգնում պատմությունների հարցում։

Նրանք բոլորն էլ համեստ են, առանց ավելորդ պարծենալու կամ անհավանական պատմությունների ասում են. «Դե գիշեր էր, այս օրն էլ ընդհանրապես չիէն կրակել, նռնակը պայթեց, զգացինք, որ հարձակվեցին 40 հոգով։ 10 հոգի էլ չկայինք ու այդքանով հետ շպրտեցինք այդ 40-ին էլ»,- պատմում են տղաները։

Աշոտ Գրիգորյան

Աշոտ Գրիգորյան

«Երևի 40 րոպե տևեց մարտը, մութ էր, միայն կերպարանքներին էին նշմարվում ու մեկ էլ իրենց անհասկանալի լեզվով ինչ-որ բաներ էին ասում իրար»,- այնուհանդերձ պատմում է Գևորգը։

Տղաների հավաստմամբ իրենք զգացել են, որ հատուկ պատրաստված ջոկատ է իրենց դեմ։

«Այդ պահին չես մտածում հաղթելու մասին կամ ընդհանրապես ինչ-որ բանի մասին չես մտածում, ուղղակի ուզում ես կռվել ապրելու համար, մտածում ես ողջ մնալու մասին»,- հիշում է Տարոնը։

Դիվերսիան հետ մղած զինծառայողը

Դիվերսիան հետ մղած Տարոնիկ Ղուկասյանը

«Շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվեց։ Կրակոցներ, լարված իրավիճակներ եղել են, բայց սա առաջին դեպքն էր։ Իրենք ամեն անգամ փորձում են մեզ վախեցնել, անընդհատ գոռում են «Վազգեն» ու էլի ինչ-որ բաներ։ «Վազգեն» մեր լուսահոգի կաթողիկոսի համար են գոռում, այդպես մեզ հունից հանելու համար»,- շարունակում է Գևորգը։

Հետո Տարոնն է ընդմիջում՝ նշելով, որ ծառայությունը տղայի համար է, ու բոլորն էլ պետք է ծառայեն։ Ինչպես տղաներն են ասում, բանակից ոչինչ չեն բերում, բացի լավ ընկերներից ու շրջապատից, իսկ բանակին իրենց պարտքն են տալիս։
«Դիրքերում ոչ մի հրամանատար սխալ հրաման չի տալիս, ոչ մի հրամանատար իր զինվորի վատը չի ուզում»,- ասում են տղաները։

Զրույցի կեսից Տարոնը քնում է, տղաները կատակում են՝ սեր ունի քնելու հետ։

Աշոտը դիպուկահարից վիրավորվել է ոչ թե այն պատճառով, որ դիտարկվող հատվածում է եղել, այլ դիպուկահարի փամփուշտն անդրադարձել է և վիրավորել թևը։

Դիվերսիան հետ մղած զինծառայողը

Դիվերսիան հետ մղած զինծառայողը

«Իրենք մի ազգ են, որ բառերով չեմ կարող բացատրել։ Պետք է իրենց վրա մի ատոմային ռումբ գցել ու հոգիներս ազատել։ Բառեր չունեմ։ Բայց իրենք վախեցած են մեզնից, մենք դա զգում ենք»,- հակառակորդին բնութագրում է Աշոտը։

Արդեն մեկնարկել է զորակոչ-զորացրումը, տղաներին խնդրում ենք նորակոչիկներին ինչ-որ բարեմաղթանք հղեն։

«Լսեն հրամանատարներին ու անփորձանք ծառայեն։ Երբ ասում են այս հատված չի կարելի գնալ կամ գլուխդ մի հանի, պետք է լսել, որովհետև էնտեղ իրոք բան չկա, նույն թուփն ու նույն ծառն է, բայց այդ սխալը կարող է ճակատագրական լինել»,- եզրափակում է Գևորգը։

Զրույցի ընթացքում բժշկուհիներն են ներս մտնում ու զարմանում, որ տղաներն այդքան երկար խոսեցին։

«Միշտ մի 5-10 րոպե է տևում, հետաքրքիր է, որ Ձեզ հետ երկար զրուցեցին։ Իմ տղաները խելոք են, մեր հերոսներն են։ Կամաց-կամաց կապաքինվեն»,- ասում են բժշկուհիները։

Ծնողների լուրն իմանալու մասին ոչինչ չասացին՝ աննկարագրելի էր այդ պահը, որ իմացան։ (Ժպտում են)

Հիվանդասենյակում թողնում ենք Աշոտին, Գևորգին, Տարոնին ու գնում Արայիկ Հակոբյանին տեսնելու ու Ռուզվելտ Թորոսյանից տեղեկություն իմանալու։ Արայիկը քնած է, ջերմություն ունի, բժիշկներն ասում են, որ իր վիճակից է։ Որոշում ենք չխաթարել անդորրն ու հեռանում ենք։

Դիվերսիան հետ մղած զինծառայողը

Դիվերսիան հետ մղած զինծառայողը

Հիվանդասենյակներում զարմացած, ուշադրությունից մի փոքր շոյված տղաներն են, նրանք, որ կյանքի գնով Հայաստան են պահում՝ առանց ավելորդ խոսքի, առանց «բայց»-ի …

Հոպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանի հետ զրուցում ենք վիրավոր տղաների ու հենց իրենց ծառայության մասին։

«Բավականին դրական տեղաշարժ ունենք։ Լավանում են մեր խիզախները։ Հույս ունեմ, որ Ռուզվելտի մոտ էլ լավ կլինի։ Նրա մոտ դրական ընթացք կա տեսողության առումով, մնացած առումներով էլ դրական է վիճակը։ Իսկ մյուս 3 տղաները հնարավոր է՝ մեկ ամսից էլ վաղ դուրս գրվեն»,- սկսում է հոսպիտալի պետը։

«Մենք միշտ էլ մարտական ծառայություն ենք իրականացնում, ու յուրաքանչյուր զինծառայողի կյանքը չափազանց կարևոր ու թանկ է՝ անկախ նրանից զինծառայողը մարտական հերթապահություն է կրում, թե պահեստային զորամասում։ Մենք պարտավոր ենք բոլորի կյանքը փրկել, ծառայությունը ծառայություն է բոլորի համար»,- ասում է Արամ Ասատուրյանը։

Արամ Ասատուրյանից հետաքրքրվում ենք, թե ինչ են զգում, երբ իրենց մոտ դիվերսիան հետ մղած տղաներ են բերում։

«Զգում եմ այն, ինչ ամեն օր զգում եմ։ Մեծ պատասխանատվություն եմ զգում նրանց կյանքի համար։ Ինձ համար սա նորություն չի, քանի որ երկար տարիներ առաջնագծում հոսպիտալ եմ ղեկավարել ու առաջին բուժօգնություն ցուցաբերել։
Իսկ երբ զինծառայողներն ուշքի են գալիս, մեր տղաների մարտական ոգին փորձում ենք բարձրացնել։ Բայց մի բան ասեմ, հիմնականում մեր զինծառայողները դրա կարիքը չեն ունենում՝ իրենք ավելի ոգևորված են լինում։ Ու դա գալիս է հենց իրենց զորամասերից ու իրենց հրամանատարներից»,- շարունակում է հոսպիտալի պետը։

«Իսկ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն լինում, բայց ինչ-որ դատողություններ են անում խորհուրդ կտամ առաջին հերթին տեղեկանան, թե ինչ է կատարվում։ Այդ մարդիկ առաջին հերթին էլ տեղում չեն։ Մենք 20 տարի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք, բայց առաջնագծում հակառակորդին մենք աշխատում ենք ճնշման տակ պահել։ Մենք մարտունակ բանակ ունենք, ու այդ բանակն է, որ ապահովում է ազգի, պետության անվտանգությունը։ Ու մենք այսօր այդ անվտանգությունը արյան գնով ենք պահում։ Մենք չենք ընտրում մեր հարևաններին, բայց մենք մեր հարևաններին պիտի պարտադրենք։ Այդ հողերը մերն են, մեր հայրենիքն ու մեր Մայր Հայաստանն է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ հողերը պահենք՝ անկախ մեր հարևանների կարգավիճակից»,- մեկնաբանում է գնդապետը։

Իսկ վերջում հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը զինծառայողներին ու նրանց ծնողներին մաղթում է պատասխանատվություն իրենց ծառայության համար։

«Մեր զինծառայողներին առաջնահերթ քաջ առողջություն, անփորձանք ծառայություն։ Ինչքան հնարավոր է, թող գիտելիքներ ձեռք բերեն զինվորական մասնագիտության շրջանակներում։ Ու խորհուրդ կտամ, որ դեռ փոքր տարիքից մեր երեխաներին սերմանվի, որ մեր անկախությունն ու անվտանգությունը մեզնից բացի ոչ ոք չի պահելու։ Պիտի հասարակությունը հասկանա, որ իր դերը զինծառայողի ադապտացիայի գործում շատ մեծ է»,- ավարտում է Ասատուրյանը։

2 responses to “Նրանք կռվել են՝ ապրելու համար. Ռազմինֆոն այցելել է դիվերսիան հետ մղած զինծառայողներին (ֆոտո)

  1. Pingback: Նրանք կռվել են՝ ապրելու համար. Ռազմինֆոն այցելել է դիվերսիան հետ մղած զինծառայողներին (ֆոտո) Ռազմ.info | Armday

  2. Pingback: Պարգևատրվել է Մայիսի 28-ին հակառակորդի դիվերսիան կասեցրած զինծառայողներից մեկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *